Այսօր Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին հարց ուղղվեց թափառող շների խնդրի կարգավորման մասին։
Նա ասաց․ «Ես կարծում եմ այս լիազորությունը հստակ է, և ինձ համար տարակուսելի է, որ լրագրողները կրկին ու կրկին հարց են տալիս՝ մեզ ուղղված։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը հստակ սահմանում է լիազորությունները, մարզպետը կարող է գործընթացին հետևել։ Ցավոք սրտի, իմ վերջին խորհրդակցության արդյունքում որոշակի արտահայտություն ձևախեղելով՝ փորձել են նաև տրամաբանություն տալ։ Ես լինելով երկու կրթությամբ իրավաբան՝ զուտ օրենքն եմ մեկնաբանել և դրա մեջ կարծում եմ՝ որևէ այլ խնդիր չկար։ Նույն տրամաբանությունը կարող էր լիներ, եթե որևէ մեկը ինձ խնդրեր Քրեական օրենսգրքից որևէ այլ հոդված մեկնաբանել և նշել այն գործիքակազմը, որը կա։
Գործիքակազմը, որը կա և՛ Հանրաքվեի և՛ Տեղական հանրաքվեի օրենքով սահմանած է, որ դեպքում ինչ ձևաչափով կարող են քաղաքացիները իրենց մասնակցությունն ունենալ օրինաստեղծ գործընթացում»։
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե դուք հայտնվել ենք քննադատության թիրախում՝ Գյումրիում շների սպանդի հետ կապված, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ սա ունի քաղաքական ենթատեքստ և, ցավոք սրտի, այն մարդիկ, որոնք քաղաքական ասպարեզում չհաջողեցին, իսկ դրա վառ ապացույցը իրենց ստացած քվեներն են, փորձում են կենդանասերի քողի տակ որոշակի գործընթացներ իրականացնել ։ Ես խորհուրդ կտամ բացել Աճառյանի բառարանը և ստերջացնել և սերտաճել բառերը գոնե տարբերակել իրարից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ