Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բնագիտական ուղղություններով գիտահետազոտական ինտիտուտների տնօրեններ:
ԱԺ փոխնախագահն իր խոսքում կարեւորել է հանդիպումը: «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ եւ համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, որոնք իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կարդացեք նաև
Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գիտության զարգացմանը վերաբերող քննարկումներ են եղել: «Ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, որը պետք է իրականացվի պետական ինստիտուտների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կառավարության համապատասխան գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ»,-նշել է նա:
Հակոբ Արշակյանը շեշտել է, որ իշխանության համար առաջնային դերակատարում ունի գիտության ոլորտը եւ հենց դրա վկայությունն է բյուջեով սահմանված ֆինանսավորման կտրուկ ավելացումը: Հայաստանում գիտակրթական ոլորտի ներդրումներն ամենաարդյունավետն են եւ հենց դրա վրա էլ կարող է հիմնվել Հայաստանի զարգացումը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն ուժ մեջ մտնելուց հետո բարեփոխումները կթեւակոխեն նոր փուլ: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ նա հույս է հայտնել, որ ֆինանսավորման ավելացումը կլինի շարունակական:
Քննարկման մասնակիցները, անդրադառնալով իրենց բնագավառներում առկա խնդիրներին, նշել են, որ «Գնումներին մասին» օրենքում կան խնդրահարույց դրույթներ եւ դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել գիտության եւ մասնավոր ընկերությունների միջեւ կապը: Ըստ նրա՝ գիտության զարգացմամբ է պայմանավորված տնտեսության հենքը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու եւ մոտ ապագայում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել:
Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:
ՀՀ Ազգային ժողով