«Տիգրան Աբրահամյանը եղել է Արցախի նախագահի խորհրդական 6 տարուց ավելի: Այդ տարիներին իրենց օրոք է նշանակվել նախարարը՝ Ջալալը Հարությունյան եւ շտաբի պետը: Նիկոլը իրանց տնից չի բերել, առանց ձեզ չի նշանակել, ձեր համաձայնությամբ է եղել, դուք հեռացել եք 2020-ի մայիսի համարյա վերջերին, 4 ամիս հետո պատերազմ է սկսել, դուք մեղավոր զգո՞ւմ եք ձեզ այդ նշանակումների, այդ կառավարման համար»,- «Ա1+»-ի եթերում ասել էր «Ազատական» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանն արձագանքեց Բաբայանին. «Նախ, ես նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել եմ 4 տարի, ոչ թե 6, երկրորդը՝ իմ կարգավիճակով ու գործառույթներով բնականաբար որեւէ առնչություն չեմ ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարների, ՊԲ հրամանատարների նշանակման հարցում: Այս մասին շատ լավ տիրապետում է Սամվել Բաբայանը, նա շատ լավ հասկանում է ու գիտի, թե վերջին 30 տարվա ընթացքում ինչ ձեւով է իրականացվում դա, ինչ սկզբունքով եւ ինչ առանձնահատկություններ հաշվի առնելով: Զարմանալի է, որ Սամվել Բաբայանը փորձում է մտնել մի դաշտ, որը զինվորականի՝ գործող կամ նույնիսկ պահեստազորում գտնվող, հարիր չէ»:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե հնարավորություն ունենար նման նշանակումներ անել ու ՊԲ-ի, ԳՇ-ի ղեկավար կազմի հարցով որոշում կայացնելուն մասնակցություն ունենար. «Շատ շատերի համար, ովքեր տիրապետում են կառավարման համակարգին, ովքեր լավ հասկանում են ՀՀ-ի, Արցախի պետական կառավարման համակարգերի հարաբերակցությունն ու համագործակցությունը ու այն մարդիկ, ովքեր լավագույնս տիրապետում են Արցախի հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, նրանց համար պարզ էր, թե ինչ է տեղի ունեցել ու որտեղ էր ճշմարտությունը այդ հարցում»:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ձեզ հարց եմ տալիս, Արցախի բանակի հրամանատարին եւ շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտենք: Պարզվում է՝ Արցախի իշխանության, ո՞վ է եղել՝ Բակո Սահակյանը եւ Տիգրան Աբրահամյանը, որը խորհրդական էր: Հիմա ասում է՝ ես ընդդիմադիր եմ»:
Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ բոլորի համար պարզ է, թե իրականում ով որ դաշտում է դիրքավորված ու ինչ խնդիր է լուծում. «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց հայտարարել են արտախորհրդարանական ուժեր, չնայած այդքան էլ տեսանելի չէ, թե իրականում անձանց ներքո քաղաքական ուժ կա՞, թե՞ միայն անվանումներն են: Կան քաղաքական ուժեր, որոնք ունեն արտախորդարանականի այսպես կոչված կարգավիճակ, բայց ամենօրյա ռեժիմով բավականին հաճախ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ: Այն մարդիկ, որոնք իշխանության հետ, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում են, նրանք ընդհանրապես իրավունք չունեն խոսել իրենց ընդդիմադիր լինելուց: Ակնհայտ է իրենց «կարգավիճակը» եւ ակնհայտ է, թե ով ինչ ծառայություններ ու ում է մատուցում»:
Սամվել Բաբայանն ասել էր. «Հիմա ասում եք՝ Բաբայանը իրավունք չունի մասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինքը մասնակից է եղել: Բաբայանը ինչի՞ն է մասնակցել,պատերազմի ո՞ր փուլին: Երբ որ ասում են՝ ինքը իրավունք չունի այնտեղ լինի, այդ իրավունքը ո՞վ է որոշում, դա մանդա՞տ է: 92-ին այդ տարածքները հանձնված են եղել, Ղարաբաղից հանձնել են 2600, հանձնել եմ իրենց 12.600, իրավունք ունե՞մ մասնակցելու, թե՞ չէ, ինչից են խոսում: Այդ տարիներին ձեր ասած անձերը, որ այսօր դեմ են իմ մասնակցությանը, կներեք, սեղանի տակ էլ չեն եղել, երեւի նոր են ծնված եղել՝ մամայի գրկում: Մի հատ սթափվե՛ք, էլի»:
Տիգրան Աբրահամյանն արձագանքեց. «Որեւէ զինվորականի ընդհանրապես հարիր չէ անպարկեշտ որակումները եւ առհասարակ որեւէ ձեւի, հատկապես արցախյան հատվածի մեր ազատագրական պայքարին մասնակցին: Ընդհանրապես զինվորականի նման մոտեցումները որեւէ ձեւ պատիվ չեն բերում եւ բնականաբար, իրեն էլ դա որեւէ ձեւ պատիվ չի բերելու: Երկրորդը՝ պարզ բաներ կան, որ Սամվել Բաբայանը կա՛մ լավ չի հասկանում, կա՛մ չի ուզում ուղղակի հասկանալ: Խնդիրը լրիվ այլ բանի մեջ է՝ կարեւոր չի ով ինչ է եղել եւ որ փուլում է եղել եւ 90-ականներին քանի տարեկան է եղել: Խնդիրն այն է, որ Սամվել Բաբայանը վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պետական կառավարման հիերարխիայում ունեցել է կոնկրետ գործառույթ, եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Բուն գործողության մասնակիցը լինելով՝ այս իրավիճակում օբյեկտիվ քննության մասնակից չի կարող որեւէ ձեւով լինել: Երկրորդը՝ Սամվել Բաբայանի մոտեցումները, որ հնչեցնում է, դրանք արդեն իսկ ցույց են տալիս, որ նա կողմնակալ է եւ ծառայություներ է մատուցում այսօրվա իշխանությանը ու կոնկրետ նպատակներով գտնվում է այդ հանձնաժողովում: Շատ լավ է, որ Սամվել Բաբայանը շատ է խոսում, որովհետեւ ինչքան շատ է խոսում, այնքան բացահայտում է այս բեմականացման որակը եւ բացահայտում է իրեն՝ այս թատրոնի մասնիկը լինելու հանգամանքը»:
Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանն ասել էր, որ ինքը բունկերում է եղել, բայց որոշումներ չի կայացրել, չի խառնվել, կարգադրություններ չի տվել, զուտ իրիկունը նախագահին զեկուցել է, թե ինչ էր կատարվում: Տիգրան Աբրահամյանը արձագանքեց. «Քննիչ հանձնաժողովում նրա չմասնակցության հիմնավորման մեջ իմ համար հետաքրքրականը այն չէ, թե նա բունկերում է եղել, թե որտեղ, չնայած հրամանատարական կետում է եղել ու այնտեղ ամեն մարդ չի կարող գտնվել: Հրամանատարական կետում գտնվելը նրան ավտոմատ կերպով դարձնում է ինֆորմացիայի կրող այս իրավիճակում եւ ցույց տալ, որ հրամանատարական կենտրոնական կետում գտնվելով՝ որեւէ ֆունկցիա չի կատարել՝ դա արդեն իր խնդիրն է հասկանալու, թե ինչի է այդ պաշտոնը զբաղեցրել, որ մի բան էլ նման խնդիր չի կատարել: Եվ եթե համեմատության մեջ ենք վերցնում, թե ով ինչ մասնակցություն ունի գործընթացում, խնդիրն այն չէ, թե ինչ խորությամբ է նա ներգրաված եղել թեմային: Մենք ունենք իրողություն, իսկ իրողությունն այն է, որ նա պատերազմի ժամանակ Արցախում ոչ երրորդային պաշտոն է զբաղեցրել եւ նրա մասնակցությունը՝ անկախ նրա անձից, պահվածքից ու վարքագծից՝ արդեն իսկ օբյեկտիվության առումով խնդիր է ստեղծում: Իսկ մնացած համեմատությունները թող գնա ինքը իր շրջապատին պատմի, իր ընկերներին պատմի, թող պատմի այն մարդկանց, ովքեր միամիտ են ու չեն հասկանում, թե առհասարակ նա ինչ դեր ունի, ինչ է ցանկանում եւ առհասարակ ինչ է խոսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ