Այսօր ավարտել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը և հաղորդումները՝ ուղարկելու համար այն պետությունների Դատախազության ու Ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն: Կուղարկվեն նաև նրանց Արտաքին գործերի նախարարությունների մարմիններին:
Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար ուղղակի ասեմ, որ միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է, ընդհանուր՝ 365 միավոր:
Հաղորդումներն ամրապնդված են փաստերով և վերաբերում են հետևյալ հիմնական հարցերի.
1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն,
Կարդացեք նաև
2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, այդ թվում` գլխատումներ, մարմնի մասերը կտրել և այլն,
3) սպանված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների անարգանք,
4) արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերում,
5) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում,
6) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում,
7) պատերազմ սանձազերծելը COVID-19 համավարակի պայմաններում՝ Արցախի ու Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելն ու մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը,
8)կրոնական պատկանելիության հիմքով զինծառայող և քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացում ու պղծում, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականություն,
9) պատերազմի ընթացքում հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից և ազգամիջյան թշնամանքի հրահրում և խրախուսում երկու ժողովուրդների միջև,
10) գերիների հայրենադարձման արհեստական ձգձգում քաղաքական հաշվարկների համար (փաստացի մարդկանց առևտուր) ու դրանով հոգեկան տառապանքների պատճառում նրանց ընտանիքներին:
Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2016-2022թթ. անգլերեն զեկույցները: Կցել ենք նաև ՀԿ-ների զեկույցներ:
Ընդ որում, բոլոր հնարավոր դեպքերում հատուկ գրել ենք, թե մեր համոզմամբ՝ որ մարմիններն են կատարել հանցանքները, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նշել ենք նաև կոնկրետ պաշտոնյաների:
Ցույց ենք տվել, որ այս հանցանքները ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի շարունակվող քաղաքականության հետևանքներն են, էթնիկ զտումների արդյունք, և այս սպառնալիքն այսօր էլ վերացած չէ:
Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:
Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա:
Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման:
Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն):
Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան