Ինչպես տեղեկացրել ենք, Ամասիա խոշորացված համայնքում հետընտրական թեժ վիճակ է․ բողոքի ցույցերը չեն դադարում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանի համակիրները չեն հաշտվում այն մտքի հետ, որ Ամասիայում ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժը չպիտի ստանձնի համայնքապետի ղեկը։
ՔՊ-ն հրաժարվել էր իր վեց մանդատից՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կնշանակվեն։ Մինչդեռ այստեղ համայնքապետ ընտրվեց «Արփի- Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։ Այժմ էլ Մերգել Ղարիբյանի համակիրները չեն թույլատրում նրան հանձնել նախկին Արփի համայնքի գույքն ու փաստաթղթերը։ Նրանք դեռ հույս ունեն, որ նոր ընտրություններ կնշանակվեն։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ամասիայում տեղի ունեցող հետընտրական բողոքի ցույցերին, մասնավորապես ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանի ու նրա համակիրների կողմից նախկին Արփի խոշորացված համայնքի փաստաթղթերը Ամասիայի նորընտիր ղեկավար Ջեմմա Հարությունյանին չհանձնելուն, ասաց․
«Տեսեք՝ ինչպիսի գործընթաց ունենք Ամասիայում․ լրագրողներն այս թեմային շատ են անդրադառնում, բայց մարզպետի հետ չեմ հիշում որ ցանկություն լիներ խոսելու, որ պարզաբանում տայի։ Ես չեմ ուզել միջամտել գործընթացին։
Կարդացեք նաև
Ամասիա խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» չձևավորված խմբակցության անդամները սեփական նախաձեռնությամբ և նոտարի հաստատմամբ մանդատներից հրաժարվել են, որը համաձայնեցված չի եղել կուսակցության վարչության հետ։
Ճիշտ հակառակը, ես որպես մարզպետ՝ հորդորել եմ Մերգել Ղարիբյանին նման քայլի չգնալ, որովհետև սա իրավական ոչ բավարար գիտելիքների դրսևորում է, որ կարծում էին, թե կարող է նոր ընտրություններ լինեին։ Այսինքն՝ Ընտրական օրենսգրքի տվյալ հոդվածի սխալ մեկնաբանությունը հանգեցրեց այս խնդրին։
Եվ այն պահից սկսած, երբ կոնկրետ համայնքի ղեկավար մեր թեկնածուն քաղաքական գծից առանձնացել է այս առումով, «Քաղաքացիական պայմանագիր»-ն այստեղ որևէ գործառույթ չունի և հաճախ լրագրողների լուսաբանումներում հանդիպել եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դատարան է դիմել, դատական կարգով վիճարկել։
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմել դատարան, որովհետև համամասնական ցուցակները հաշվի առնելով՝ դատարան դիմում է կուսակցության վարչությունը՝ վարչության ղեկավարի, այս դեպքում Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ։
Եվ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նման դատական գործընթացի մեջ չի մտել Ամասիա համայնքում, որքան տեղյակ եմ՝ կամ հայցը մերժվել է, կամ ընթացք չի տրվել, որովհետև հենց այս խնդիրը կա, այսինքն, երբ որ կուսակցությունն է առաջադրում, կուսակցությունն էլ կարող է դատական կարգով վիճարկել։
Ես խոսել եմ համայնքի ղեկավարի հետ և տիկին Հարությունյանին հորդորել եմ օրենքով սահմանված կարգով ստանձնել լիազորությունները՝ ողջ ծավալով։
Մենք զրույց ենք ունեցել նաև պարոն Ղարիբյանի հետ ուրբաթ օրը, առաջարկություն եղել է համատեղ աշխատել, քննարկել տիկին Հարությունյանի հետ վարչական պաշտոններում այն մարդկանց նշանակումը, որոնք արդյունավետ են աշխատել միավորված համայնքում, և ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա։
Ամեն դեպքում նման կաթվածահար գործընթացը ձախողում է համայնքում ծրագրերի իրականացումը, և տիկին Հարությունյանը՝ որպես համայնքի ղեկավար, պետք է բավական ներուժ գտնի իր մեջ, որպեսզի ամբողջապես ստանձնի իր լիազորությունները։ Երբ կլինի անհրաժեշտություն և մեզ կդիմեն, մենք նույնպես համապատասխան միջամտություն թույլ կտանք մեզ։ Մեր վարչությունը ևս հետամուտ է այս աշխատանքին զուտ օրենքի շրջանակներում, քանի որ գիտենք համայնքի նորանշանակ ղեկավարները, որոնք պաշտոնները ստանձնել են, իրենք որոշակի ուղեցույցներ են ստացել նաև մարզպետարաններից, և այդ ուղեցույցի և օրենքի տառի համապատասխան պիտի գործեն։
Տիկին Հարությունյանը մեկ գրությամբ մեզ դիմել, տեղեկացրել է խոչընդոտների մասին և գույքի ընդունման-հանձման գործընթացում մարզպետարանը ասել է, որ անհրաժեշտ մասնագիտական օգնություն պատրաստ է առաջարկելու»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ