Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ուրախալի նորությունը՝ պարարտանյութի թանկացումից խուճապի մեջ գտնվող ֆերմերներին

Փետրվար 21,2022 20:45

Ինչպես տեղեկացրել ենք, ազոտական պարարտանյութի գնի եռակի թանկացումը խուճապ է առաջացրել ֆերմերների մոտ․ նրանք անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացնում, ելույթներ ունենում լրատվամիջոցներով՝ նախազգուշացնելով, որ խնդիրը չլուծելու դեպքում բնամթերքի կտրուկ թանկացումներ են սպասվում։

Իրենք ստիպված են կրճատել մշակվող ցանքատարածությունները։ Ըստ ֆերմերների, պարարտանյութ ներկրում են երեք երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից,իսկ թանկացումը նշանակում է հրաժարվել գյուղատնտեսությունից, թաղել այն։

Նրանք հանդիպում էին ունեցել նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ՝ խնդրելով պատասխանատուների հետ խորհրդակցել ու խնդրի լուծման տարբերակ առաջարկել։

Շիրակի մարզպետը, որն այսօր իր պաշտոնավարման 100 օրվա աշխատանքները ներկայացրեց հանրությանը՝ Արթիկի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանը մամուլի ասուլիս տալով, անդրադարձավ նաև կարևոր այս խնդրին։

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է գյուղացիներին՝ չթույլատրելով գյուղմթերքների եռակի գնաճը։

Նա տեղեկացրեց, որ հարցը հրատապ է և լուծում կստանա առաջիկա տաս օրերի ընթացքում։

«Գիտենք, որ տարածաշրջանում գազի սակագնով և որոշակի տնտեսական գործառույթներով պայմանավորված՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև մեր հարևան երկրներում գինը շեշտակի թանկացել է, այդ թվում հիմնական ներկրվող երկրներից՝ Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից։

Այս ընթացքում քննարկումներ ունեցել ենք և՛ փոխնախարարի և՛ նախարարի հետ, և հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Նախորդ շաբաթ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հստակեցվել են մոտեցումները։ Այո՛, մենք գնալու ենք սուբիսդավորման գործընթացին։

Եթե հիշում եք, նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում նույնպես հնչեց այս հարցը և այս շաբաթվա ընթացքում պետությունը՝ ի դեմս կառավարության, կկարողանա ամբողջացնել իր մոտեցումները։

Այո, սուբսիդավորման գործընթաց է լինելու, որովհետև ստացվում է ՝ եթե դա չլինի, կնշանակի շուրջ երեք անգամ գնաճ, ինչը կարծում եմ կաթվածահար կանի գյուղատնտեսությունը։ Մենք հասկանում ենք, որ պարարտանյութի գնի աճը ենթադրում է նաև բնամթերքի աճ, այսինքն՝ աշնան ժամանակահատվածում, բերքահավաքի ժամանակ մենք կունենանք սոցիալական ճգնաժամ։

Ես ավելորդ փակագծեր չբացեմ, կոնկրետ կառավարությունը իր մոտեցումներ է ներկայացնում։ Ես չնշեմ սուբսիդավորումը որքան տոկոսով է տեղի ունենալու, բայց այո՛, զուգընթաց բանակցային այն գործընթացների, որպեսզի մենք ներկրման որոշակիորեն այլ աղբյուրներ ունենանք, զարկ տանք նաև այս դեպքում պարարտանյութի արտադրությանը մեր երկրում և գնանք ավելի բնական ճանապարհով, միակ ելքը կարծում եմ կառավարության անմիջական միջամտությունը պետք է լինի, որին էլ թերևս կապավինեն»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28