Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ էր մնում ասվեր՝ գործերը ցրել է իր վրայից ու գնացել. իմ նկատմամբ վարույթը թիրախավորված է». Վազգեն Ռշտունի

Փետրվար 21,2022 20:20

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) փետրվարի 21-ին քննվեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, այն հիմքով, որ շուրջ 10 գործերով դատավոր Վազգեն Ռշտունին թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Նիստի ժամանակ Վազգեն Ռշտունու պաշտպան Ռուբեն Մելիքյանը փաստեց՝ 2021-ի՝ դատավորների վարկանիշային տվյալներով՝ Վազգեն Ռշտունին 300-ին մոտ դատավորների շարքում առաջին տեղն է զբաղեցրել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հակադարձեց, թե այնտեղ ոչ բոլոր փաստաբաններն են ներառված: Փաստաբանները մի գործով կարող են շահել, մյուսով՝ ոչ, ուստի դատավորներին գնահատելու օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց է: Նա շարունակեց. «Մի դատավոր, որն ունի ամսական ընդամենը մեկ գործ, ուրիշ դատավոր միջինում ունի 30 գործ: Ուստի շատ դժվար է ասել, թե ով է ավելի բարձր, ով ավելի ցածր»:

Վազգեն Ռշտունին արձագանքեց. «Այդ տվյալները որտեղի՞ց, որ մեկ գործ եմ քննել ամսվա մեջ: Իմ կողմից նշված ժամանակահատվածում քննվել  ու ավարտվել է 68 գործ: Ի՞նչ մեկ գործի մասին է, չեմ հասկանում»:

Վազգեն Ռշտունու պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ փաստեց՝ ընդամենն ունենք այն, որ փաստորեն եղել է զեկուցագիր, որը վկայակոչում է ինչ-որ մի ուսումնասիրություն, բայց չենք կարողանում հավաստիանալ, որ այդ ուսումնասիրությունն իրավական չափանիշներին համապատասխան է ՝հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ զեկուցագիրը ներկայացնողն ուղիղ ծառայողական կապի մեջ է եղել արդարադատության նախարարության հետ:

Մեղադրող կողմն անընդհատ պնդում էր գործերի վերաբաշխումից հետո գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման մասին:

Վազգեն Ռշտունին այս առիթով ասաց. «Կան գործեր, որոնք հնարավոր է ավարտել մեկ օրում, կան այնպիսիք, որ տասն անգամ հետաձգում ես: Կոնկրետ այս դեպքում այնպես չէ, որ բողոքը լսել էի, հասել էի վիճաբանության փուլ, այդ գործը հանձնեցի այլ դատավորի ու գնացի: Ուղղակի գնահատողական դատողություններ արվեցին, այնպիսի տպավորություն էր, որ քիչ էր մնում ասվեր՝ գործերը ցրել է իր վրայից ու գնացել»: Վազգեն Ռշտունին պնդեց՝ իր նկատմամբ վարույթը թիրախավորված է:

Գագիկ Ջհանգիրյանն ուրախացավ, թե փոխնախարար, պաշտպան «ջերմ, ծիծաղով, ջանով-ղուրբանով եք նիստ անցկացնում, շարունակեք նույն ձևով»:

Սակայն սա երկար չտևեց: Մեղադրող կողմը պնդում էր, որ դատավորն իր վարույթում տասը գործ է ունեցել, որոնք իր նախաձեռնությամբ հանել է իր վարույթից: Վազգեն Ռշտունու պաշտպան Սիրանույշ Սահակյանն ասաց, որ մակագրմամբ գործը հանձնել է ոչ թե Վազգեն Ռշտունին, այլ նրա օգնականը, իսկ դատարանի նախագահը վերամակագրել է: Երանուհի Թումանյանցը վրդովվեց՝ ասելով, թե «էս աբսուրդին վերջ տանք, էլի: Կա քրեական հոդված, ապօրինի դատական հոդված, շատ հեշտ է օգնականի վրա գցելը, ասել՝ ես չեմ գրել, օգնականս է գրել: Կներեք, էլի, էս ի՞նչ ոճ է»:

Սիրանույշ Սահակյանն արձագանքեց. «Աբսուրդը դուք եք սարքել: Աբսուրդ կլինի չէ՞, որ մեղադրանքը պաշտպանող դատախազին ապօրինի դատական ակտ կայացնելու համար դատապարտեն»: Գագիկ Ջհանգիրյանը կրկին միջամտեց. «Ոնց որ աչքով տվեցի: Խնդրում եմ համբերատար լինեք»: Կողմերի՝ միմյանց հարցեր հղելուց հետո ԲԴԽ նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 13.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28