Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ իր իսկ բնորոշմամբ՝ ստիպված արդեն հասարակական գործիչ Արմինե Ադիբեկյանը, որը վերջերս է եղել Արցախում, այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց իր եզրահանգումները:
«Արցախում իրավիճակը հիմա միանշանակ չէ, որովհետեւ մարդիկ այնտեղ տրամադրված են, որ պետք է պայքարեն իրենց հարազատ երկրում ապրելու եւ իրենց անկախությունը պաշտպանելու համար: Մյուս կողմից հուսահատությունն ու վախն է, որ իրենց էլի կդավաճանեն: Մի գործընկեր ունեմ, որի հետ հանդիպել էինք այս այցի շրջանակներում, շատ ճիշտ բնութագրեց իրավիճակը՝ ասելով, թե իրենք հիմա հայտնվել են 89-90 թվականների կարգավիճակում, երբ փոքր խմբով պայքարում էին երեք հակառակորդի դեմ՝ թուրքերի, Խորհրդային Միության եւ ներքին դավաճանների դեմ: Հիշում եք, որ այն տարիներին դրան հաջորդեց «Կոլցո» օպերացիան, որը հայաթափեց Արցախը եւ Հայաստանից հատկապես Տավուշի մարզը: Այն ժամանակ Արցախի ծավալը սահմանափակվեց մինչեւ Ստեփանակերտ եւ շրջակա գյուղերը: Այնուամենայնիվ, մարդիկ դիմակայեցին:
Հիմա էլ արցախցիները պատրաստ են պայքարել եւ եթե պետք լինի, նաեւ մի կծած բուլկու համար մեր պետությունը, երկիրը, արժանապատվությունը թշնամու ոտքի տակ փռողների դեմ»,- ասաց տիկին Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ