Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ․ 62-ից 32-ը վերադարձել են»․ մարզպետն ամփոփեց 100 օրը

Փետրվար 21,2022 17:46

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը։ Նա հանդես եկավ մամուլի ասուլիսով, որին լրագրողներից բացի` մասնակցում էին Շիրակի մարզպետարանի բոլոր վարչության պետերը, նաև Արթիկ խոշորացված համայնքի պատասխանատուները։

Մարզպետը նախևառաջ պարզաբանեց, որ ասուլիսի համար Լեռնակերտը որպես տեղանք ընտրելը պատահական չէ, կյանքն ու իրադարձությունները պետք է ապակենտրոնացնել, իսկ ամեն անգամ մարզի մի համայնք ընտրելով՝ կկարողանան և՛ շունչ հաղորդել ,և՛ զբոսաշրջային առումով գրավիչ դարձնել։

 

Մարզպետի ասուլիսը տևեց մոտ երկու ժամ, նա խոսեց տարբեր խնդիրներից՝ պարարտանյութերի թանկացումից ու պետության կողմից գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունից, կադրային նշանակումներից, թափառող շներից, ներդրումային ծրագրերից, Ամասիայում դեռ չլուծված հետընտրական զարգացումներից։ Ներկայացրեց նաև սուբվենցիոն ծրագրերը։

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Շիրակի մարզում ամենաառաջնային խնդիրը գործազրկությունն է։

Նա անկեղծացավ, թե Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելիս՝ մտորումների մեջ էր՝ կկարողանա՞ օրենսդիրից սահուն կերպով գործադիր տեղափոխվել, քանի որ իրեն մշտապես պատկերացրել է օրենսդիր դաշտում, սակայն պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կարողացավ որոշակի աշխատաոճ ցուցադրել նաև գործադիր ոլորտում։

«Խնդիրներ իրապես շատ ունենք, Շիրակի մարզը շարունակում է մնալ տնտեսապես ամենախոցելի մարզը՝ գործազրկության բարձր շեմով, բայց աղքատությունը և տնտեսական խնդիրները, որոնք առկա են մեր մարզում, ես վստահ եմ, որ հաղթահարելի են։

Այս կարճ ժամանակահատվածում գործընթացները, որոնց մեկնարկ են տվել, շարունակական պետք է լինեն։

Խոսելով մեր մարզի խնդիրների մասին՝ չեմ կարող չառանձնացնել մեկը՝ մեր մարզից գերեվարված տղաների խնդիրը։ Անկեղծ ասած իմ փոքրիկ ուշացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, պայմանավորված էր նրանով, որ անգամ հարյուր օրվա ամփոփումից առաջ ես իմ պարտքը համարեցի մեկ անգամ լսել ծնողներին և նոր գալ ։

Գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ ամեն օր ժամը 12-ին հարազատները հավաքվում են Շիրակի մարզպետարանում։ Այս պահի դրությամբ հաստատված գերիների ցանկից 62-ից 32-ը վերադարձել են։

30-ը գտնվում են Ադրբեջանում, գործընթացները շարունակվում են։ Պետք է նշեմ, որ մեր հաստատված գերիների հետ հարազատները ունեն նամակագրական կապ, խոսակցական և երբեմն տեսանյութերով, որոնք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով է իրականացվում, և մենք լիահույս ենք, ջանք ու եռանք չենք խնայում, որպեսզի օր առաջ տղաները վերադառնան տուն», – ասաց մարզպետը։

Նա խոսեց նաև սուբվենցիոն ծրագրերից, տեղեկացրեց, որ Շիրակի մարզից 44 հայտ են ներկայացրել, որից 5-ը Գյումրի քաղաքից է, մնացած 39-ը գյուղական համայնքներից։

«Անցած տարի ունեցել ենք և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ։ Փորձում ենք կառավարելի դարձնել այն ռիսկերը, որոնք վերաբերում են գյուղատնտեսությունը։

Նախորդ տարի, ցավոք սրտի, մենք ոռոգման հետ կապված խնդիրներ ունեցանք և այս տարի հունվար ամսից աշխատանքներ ենք տանում, որպեսզի ոռոգման սեզոնից առաջ ամբարված ջուր ունենանք, որպեսզի այդ խնդիր կարգավորենք։ Ցավոք սրտի, որոշ ցանքատարածությունների կրճատումը նախորդ տարվա դրանով է պայմանավորված։ Բայց ցուցանիշների առումով ավելացում ունենք, որը կապված է հացահատիկի արտադրության հետ։ Շիրակի մարզը, լինելով հացահատիկի շտեմարան, այդ բացը կարողացել է լրացնել։ Անասնագլխաքանակի մասով նշեմ, որ նախորդ տարի աննախադեպ էր հատկապես ոչխարների ու այծերի թվի ավելացմամբ՝ շուրջ 10 հազար գլխաքանակ, որը կարծում եմ պետք է խթանել», -ասաց մարզպետը։

Նա կարևորեց նաև գյուղական վայրերում զբոսաշրջության զարգացումը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28