Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմին հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց:
Զեկույցում, մասնավորապես, արձանագրված է՝
- խնդիրներ՝ կապված ֆիզիկական և միջավայրային մատչելիության հետ։
Համակարգային առումով լուծում չստացած խնդիրը հանգեցնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության ստանալու, աշխատանքային, առողջության պահպանման և այլ իրավունքների ինքնուրույն իրականացման սահմանափակումների:
- մարդիկ բախվում են խոչընդոտների՝ կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործընթացի հետ։
Խոսքն այն մասին է, որ չնայած օրենսդրական նոր կարգավորումներին, անհրաժեշտ մեխանիզմներ և կարգեր դեռևս ներդրված չեն։ Արդյունքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատում փաստացի չի իրականացվում:
Կարդացեք նաև
Խնդիրներ են առաջանում նաև վարչարարության հետ կապված։ Օրինակ՝ արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ բախվում են վարչարարական քաշքշուկների, որոշ դեպքերում պետության պարտավորություններից բխող գործողությունների կատարման ողջ բեռն ընկնում է մարդու վրա՝ առաջացնելով նաև ֆինանսական լրացուցիչ ծախսեր։ Հաշմանդամություն ունեցող զգալի թվով անձինք, այդ թվում՝ հենաշարժողական խնդիր ունեցողները, առանձնազրույցների ընթացքում բարձրացրել են բժշկասոցիալական հանձնաժողովներն իրենց բնակության վայրից հեռու լինելու խնդիրը
- սոցիալական և կարիքահեն ծառայությունների սուղ լինելը, իսկ որոշ դեպքերում, առհասարակ, բացակայությունը հաշմանդամություն ունեցող անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու հնարավորություններից՝ դրանք դարձնելով ձևական բնույթի։
Օրինակ՝ մի դեպքում պարզվել է, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ կոնկրետ ծառայությունների արդյունքում դրական դինամիկա է արձանագրվում, ասենք, կենսական անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման հարցում, լինում են դեպքեր, երբ թերապևտիկ կուրսի ժամկետն ավարտվում է։ Իսկ շարունակական և բազմամասնագիտական թիմի նման ծառայությունների համար (յուրաքանչյուր պարապմունքի արժեք տատանվում է 3000-7000 դրամի սահմաններում, իսկ մեկ երեխային, որպես կանոն, անհրաժեշտ է օրական առնվազն 2-3 տեսակի նմանատիպ ծառայություն) սեփական միջոցներով վճարել ոչ բոլորին է հասանելի։
- հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խնդիրների իրենց կրթության իրավունքն իրացնելիս:
Օրինակ՝ մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ ոչ միշտ են հաշվի առնվում տարբեր կարողություններով երեխաների իրական կարիքները, որոշ երեխաների կարողությունները թերագնահատված են: Որոշ դեպքերում էլ երեխաների հետ շփման, ինչպես նաև մանկավարժահոգեբանական եզրակացությունների և երեխաների անհատական ուսումնական պլանների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ մի քանի տարի դպրոցում ուսանելուց հետո որոշ երեխաների առաջադիմությունը սաստիկ ցածր է, այն դեպքում, երբ վերջիններս ակնհայտորեն ունեն զարգացման իրական հնարավորություններ:
Զեկույցի շրջանակներում հատուկ դիտարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների իրավունքների իրացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում և 2020 թվականի պատերազմի հետևանքով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը քննարկվել են նաև ՄԱԿ-ի Կոնվենցիայի մշտադիտարկման անկախ մարմնի կարգավիճակի տեսանկյունից՝ կապված Կոնվենցիայի պահանջների կատարման հետ:
Պաշտպանը մշտապես առանձնահատուկ ընդգծել է համագործակցության սկզբունքային նշանակությունը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ:
Կարևորելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում «ոչ ոք չի անտեսվի» և «ոչինչ առանց մեզ» սկզբունքները՝ արտահերթ զեկույցի մշակման աշխատանքներում տարբեր ձևաչափերով ապահովվել է նաև նրանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը։ Մասնավորապես, Պաշտպանի կողմից hարցումներ են ուղարկվել նաև հասարակական կազմակերպություններին և անհատ փորձագետներին, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հաշվի են առնվել Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումների վերլուծությունները, մշտադիտարկման այցերի արդյունքները, անհատական հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքները, որոնք իրականացվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Արտահերթ զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են հասարակական կազմակերպությունների և միջազգային զարգացման գործակալությունների ոլորտային զեկույցները, զանգվածային լրատվության միջոցների նյութերն ու ուսումնասիրությունները:
Հրապարակվող արտահերթ զեկույցն արտացոլում է 2021 թվականի դրությամբ առկա ոլորտային իրավիճակը՝ ներառելով պետական իրավասու մարմինների պարզաբանումները: Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքներից հետո պետական մարմինների լրացուցիչ պարզաբանումներն ուսումնասիրվում են և կամփոփվեն Պաշտպանի 2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան