Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով»

Փետրվար 21,2022 17:20

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու առիթով Ադրբեջանի պատվիրակների Հայաստան ժամանելու մասին` մեջբերեց Իլհամ Ալիեւի՝ Երեւան վերադառնալու մասին 2021 թվականի ապրիլի 13-ին արած հայտարարությունը եւ նկատեց, որ ադրբեջանցի պատվիրակները հիմա այստեղ են ոչ միայն Իլհամ Ալիեւի մեծ ցանկությամբ, այլեւ Եվրանեսթի ԽՎ շրջանակներում: «Իսկ Եվրանեսթը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում պառլամենտական համաժողով է, որի նպատակը եվրոպական արժեքների տարածումն է Արեւելյան գործընկերության երկրներում: Այսինքն, ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաեւ մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով: Եվ եկել են եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնց մենք այսօր շատ հարցեր ունենք տալու»,- ասաց Էդգար Ղազարյանը եւ հանրությանը հիշեցրեց «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ այսօր կայանալիք միջոցառման մասին:

«Ես նախաձեռնել եմ այսօր ժամը 17:30-ին Հանրապետության հրապարակում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ կազմակերպել մի քաղաքացիական միջոցառում-հանդիպում, որպեսզի մենք մեր հարցերը հնչեցնենք, թե արդյո՞ք եվրոպացի պաշտոնյաները դրանց պատասխաններն ունե՞ն, թե չէ: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ ժամին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Եվրանեսթի պատվիրակները ԵՄ դեսպանի նախաձեռնությամբ հանդիպում են ունենալու, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սա արդեն իսկ տարօրինակ է, որովհետեւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը ենթադրում էր նման միջոցառման հրապարակային անոնս, որ ով ցանկանում է մասնակցել, նախապես գրանցվի, հերթագրվի եւ մասնակցի: Բայց նման բան տեղի չի ունեցել: Ես նույնիսկ գրավոր հարցում եմ ուղարկել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, որպեսզի պարզաբանեն, թե դա ինչ միջոցառում է, ինչ ձեւաչափով, ինչ օրակարգով եւ մասնակիցների ինչ ներգրավմամբ: Անհանգստություն ունեմ, որ դա ՀԿ-ների փակ ակումբ է, որոնք կանոնավոր գրանտներ են ստանում Եվրամիությունից կամ նրա այլ ծրագրերից: Իսկ եթե դրանք այդպիսին են եւ պետք է համոզվել՝ այդպիսին են, թե ոչ, նշանակում է, որ հատկապես նրանք չպետք է մասնակցեն այդպիսի հանդիպումներին, որովհետեւ ԵՄ՝ մինչեւ հիմա մեզ ուսուցանած ծրագրերից մենք հասկացել ենք, որ շահերի բախումը դրան է վերաբերում: Այսինքն, եթե դու մի կազմակերպությունից ֆինանսավորում ես ստանում, արդեն իսկ կաշկանդվածություն ունես նրանց հանդիպումներում ներկայացնելու այլ տեսակետներ, որոնք կարող են տարբերվել հիմնական դոնորի տեսակետներից:

Եթե Եվրանեսթն այստեղ է որպես Հայաստանում Արեւելյան գործընկերության գաղափարախոսության իրագործում, ապա դրա հիմքը ժողովրդավարությունն է: Հիմա ես ուզում եմ իմանալ. այդ Եվրամիության պատգամավորները, որոնց գործընկերները ԵԽԽՎ-ում Հայաստանի ընտրությունները հռչակել էին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, արդյոք տեղյա՞կ են, որ այդ ընտրությունների օրը որոշել է մի մարդ, որը Հայաստանի վարչապետն էր, որը մասնակցել է այդ ընտրությանը եւ որը շահել է այդ ընտրություններում՝ խորհրդարանում ձեւավորելով մեծամասնություն: Արդյոք տեղյա՞կ են, որ երբ ՍԴ-ում վիճարկվում էին ընտրությունների արդյունքները, ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները պաշտոնապես հայտնել են, որ նախընտրական շրջանում բոլոր քրեական գործերով մեղադրյալներ են եղել բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուները, շտաբի պետերը, վստահված անձինք եւ զրո իշխանության ներկայացուցիչ:

Գանք ժողովրդավարության մյուս ինստիտուտներին՝ տեղական ինքնակառավարմանը: Իրենք տեղյա՞կ են, որ Գորիս համայնքում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, բայց այդ համայնքի ղեկավարը չի կարողանում գնալ աշխատանքի: Տեղյա՞կ են, որ Վանաձորում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, բայց հանրապետության երրորդ խոշոր քաղաքում ՏԻՄ մարմինները չեն ձեւավորվել, իսկ Փարաքարում միանգամից երեք հոգի են դարձել համայնքի ղեկավար, որից ամենաշատ ձայներ հավաքողին պաշտոնավարելու հնարավորություն չեն տալիս, մյուս երկուսի համար իշխանության պատգամավորների ներկայությամբ ավագանու նիստով կազմել են պաշտոնավարման գրաֆիկ:

Սա իրենք համարում են ժողովրդավարությո՞ւն: Արդյոք մեր եվրոպացի գործընկերները տեղյա՞կ են, որ Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավար է ձերբակալվում, որ լրատվամիջոցները փակվում են:

Ես ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ Եվրոպայի՞ց են եկել ու մտածում են՝ եվրոպակա՞ն երկիր են եկել»,- ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28