Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այն համոզմանն է, որ 44-օրյա պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե Արցախի բնակչությունը 250-300 հազար մարդ լիներ, իսկ Հայաստանինը՝ 4 միլիոն: Այդ մասին նա ասաց Հայաստանից ժամանած մտավորականների խմբի հետ հանդիպման ժամանակ:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի օրակարգի գլխավոր հարցերից մեկն այժմ ժողովրդագրական աճն է՝ ծնելիության խթանման, վերաբնակեցման, հայրենադարձության տարբեր ծրագրերով: Այս հարցում, Արցախում հատկապես Սփյուռքի աջակցության կարիքն ունեն, այդ թվում՝ նաեւ ֆինանսական:
44-օրյա պատերազմից հետո Արցախից 38 հազար տեղահանված կա: Հին բնակարանային ֆոնդով կարողացել են ապահովել 1500 ընտանիքի: Այժմ ևս 3 հազար բնակարան է կառուցվում, ընթացքի մեջ է 2 հազար բնակարանի շինարարության հարցը: Առաջիկա երեք տարիների ընթացքում ԱՀ կառավարությունը նախատեսում է 7 հազար բնակարանների շինարարություն, ինչը հնարավորություն կտա ապահովել 15 հազար մարդու վերաբնակեցումն Արցախում:
Ըստ հաշվարկների, 500 միլիոն դրամ անհրաժեշտ է Արցախում բնակարանաշինության համար, իսկ 100 միլիոնը՝ ենթակառուցվածքների զարգացման:
Կարդացեք նաև
Պատերազմից հետո, Արցախի գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Թեեւ դրանք ամենալավ հողերն էին՝ գյուղատնտեսական առումով, սակայն, Արայիկ Հարությունյանը դա վերջը չի համարում: Հստակ հաշվարկներ ԱՀ կառավարությունում կան՝ նոր ջերմոցների, այգիների եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ