Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարին: Ալիևն ու Քլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների փոխանակման, սահմանազատման և այլ առանցքային հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի բարեհաջող զարգացումը, ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի դրական դերն այդ գործընթացում, ինչպես նաև նրա ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Ալիևը կարևորել է նաև Միշելի միջնորդությամբ 2021թ. տարեվերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ընդգծելով բրյուսելյան օրակարգի կարևորությունը՝ նախագահն ընդգծել է այդ հարցում քննարկումների և գործնական աշխատանքի կարևորությունը, բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից ականազերծման գործընթացում Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քլաարն իր հերթին հույս է հայտնել, որ շուտով ավարտին կհասցվեն Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:
Կարդացեք նաև
Հանդիպմանը Ալիև նաև բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու հարցը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ