Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական դիրքի չարաշահում կամ միտումնավոր միջամտություն չի տեսնում

Փետրվար 21,2022 16:06

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան, մասնավորապես խնդրել էինք պարզաբանել` ինչո՞ւ են Երեւան քաղաքի մի շարք դպրոցներում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել հավակնորդներից ոմանք, մինչդեռ ըստ կարգի, տնօրենի պաշտոնակատար է նշանակվում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկը: Որոշ դեպքերում տնօրենի պաշտոնակատար են նշանակվել մրցույթի առաջին փուլում զրո միավոր ստացած հավակնորդները, նման պատկեր է 59, 122, 129 եւ այլ դպրոցներում: Արդյոք հավակնորդի` տնօրենի պաշտոնակատար նշանակվելու դեպքում չի՞ խախտվում այլ հավակնորդների հավասար պայմաններում գտնվելու իրավունքը: Նաեւ հետաքրքրվել էինք` Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռայիսա Գալստյանի դուստրը, արդյոք այստեղ չկա շահերի բախում, միջամտություն, պաշտոնական դիրքի չարաշահում:

Երեւանի քաղաքապետարանից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 4 մարտի 2010 թվականի N319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 2.1 կետի համաձայն՝ «…Երևանի քաղաքապետարանը ըստ ենթակայության՝ թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ:

Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող»:

Հետևաբար՝ հարցմամբ ներկայացված բոլոր դպրոցների դեպքում իրացվել է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու՝ լիազորված մարմնին` կարգով վերապահված հայեցողական լիազորությունը: Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ լիազորության իրացումը չի կարող դիտարկվել որպես պաշտոնական դիրքի չարաշահում կամ միտումնավոր միջամտություն, քանի որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ կերպ չի խոչընդոտում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի շրջանակում մանկավարժական, ծնողական խորհուրդներին վերապահված՝ գաղտնի քվեարկությամբ հավակնորդ ընտրելու իրավասությանը, ինչպես նաև դպրոցի կառավարման կոլեգիալ մարմնի՝ խորհրդի անդամների ազատ կամարտահայտության իրավունքին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28