Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվությունը շուտ փչացող ապրանք է, իսկ դատական վեճերը կարող են տեւել տարիներ». Շուշան Դոյդոյան

Փետրվար 21,2022 14:34

Ի՞նչ ունենք տեղեկատվության ազատության առումով եւ ինչ է ենթադրվում, երբ խոսվում է եվրոպական չափանիշների մասին: «Վերջին 20 տարիներին ամբողջությամբ ներգրավված եմ եղել պրոցեսում, փորձել հնարավոր բոլոր մեխանիզմներով աջակցել, որպեսզի Հայաստանում տեղեկատվության ազատությունն իրականություն լինի: Հսկայական աշխատանք է կատարված եւ կառավարության, եւ քաղհասարակության կողմից: Ունենք 2003-ին ընդունված շատ լավ օրենք, որը մինչ օրս որեւէ փոփոխության չի ենթարկվել: Սա խոսում է օրենքի կայունության, որակի եւ ընդհանրապես բոլոր զարգացումներին դիմակայելու հնարավորության մասին»- Հանրային լրագրության ակումբի կազմակերպած «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով քննարկման ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով, չնայած այս ամենին, կան բազմաթիվ խնդիրներ: «Առաջին կարեւոր խնդիրն այն է, որ Հայաստանում ձեւավորված չէ, չկա արտադատական մեխանիզմ, որին քաղաքացիները, լրագրողները կարող են վստահել իրենց տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման հարցը: Երբ լրագրողին մերժում են տեղեկություն տալ, քաղաքացին դիմում է այս կամ այն պետական մարմին եւ չի ստանում իրեն հետաքրքրող ու անհրաժեշտ տեղեկությունները, ուրեմն ո՞ւր պետք է դիմի: Տեղեկատվության ազատության ոլորտում ձեւավորված լավագույն դրական փորձը, եվրոպական ստանդարտն այն է, որ յուրաքանչյուր երկրում պետք է առնվազն առկա լինի անկախ արտադատական մեխանիզմ, որը արագ, սեղմ ժամկետներում եւ անվճար նախ քննում է վեճերը տեղեկատվության ազատության ոլորտում եւ տալիս դրանց վերաբերյալ անաչառ որոշումներ»,-փաստեց Շուշան Դոյդոյանը:

«Ինչո՞ւ չեմ խոսում դատարանների մասին, որովհետեւ տեղեկատվությունը շատ արագ փչացող ապրանք է, եւ եթե դու չունես այն այսօր, վաղը այն այլեւս պետք չի լինելու: Տեղեկություն ստանալու իրավունքի շուրջ դատական վեճերը կարող են տեւել տարիներ, եւ երբ դիմող կազմակերպությունը, լրագրողը կամ քաղաքացին ի վերջո ստանում է տեղեկությունը, այն այլեւս նրան պետք չէ: Այլ պարզապես կարծես սկզբունքի համար է դիմում, եւ ի վերջո դատարանն ուղղակի արձանագրում է, որ տեղի է ունեցել խախտում, բայց փաստացի մարդը չի ստանում իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը` անհրաժեշտ ծավալով եւ ճիշտ ժամանակին:

Համանման մարմինները տարբեր մոդելներ ունեն Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիության երկրներում, դրանք կարող են լինել հանձնաժողովներ, հանձնակատարներ: Ընդ որում, նրանց կարեւորագույն չափանիշն այն է, որ պետք է լինեն անկախ` գործադիր իշխանության համակարգից»,-ընդգծեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը:

«Մեզանում այդ գործառույթը կարող է իր վրա վերցնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Թեեւ այս կառույցն ունի անհրաժեշտ պրոֆեսիոնալ մասնագիտական հմտություններ, անձնակազմ, ռեսուրսները բավարարում են, որ այս խնդիրն իր վրա վերցնի, սակայն այստեղ էլ միակ թերությունն այն է, որ ՄԻՊ որոշումները պարտադիր չեն կատարման համար եւ ունեն խորհրդատվական բնույթ: Օրինակ, մենք դեկտեմբերին ունենք ՄԻՊ որոշումը, որով հաստատվել է, որ տեղի է ունեցել տեղեկություն ստանալու իրավունքի խախտում վարչական մարմնի կողմից, տվյալ դեպքում` Երեւանի քաղաքապետարանի, բայց դա որեւէ իրավական հետեւանք որեւէ կողմի համար չի ունեցել:

Ոչ քաղաքապետարանն է ի գիտություն ընդունել եւ կատարել ՄԻՊ խորհրդատվությունը, ոչ էլ այդ որոշումն օգնել է , որ տեղեկություն ստանալու իրավունքն իրացվի: Դա ընդամենը բարոյական, հոգեբանական աջակցություն է, որը, իհարկե, շատ կարեւոր է»,-նշեց Շուշան Դոյդոյանը:

Հավելենք, որ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ–Հայաստան փոխգործակցության ոլորտները, եւ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28