Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կոչ կանեմ 240 վոլտ հոսանքը չմիացնել քաղաքացիների նյարդերին»․ ՔՊ-ականը՝ ադրբեջանցի պատվիրակների գալու մասին

Փետրվար 21,2022 14:08

«Կարծում եմ՝ իրենք արդեն ՀՀ-ում են։ 2 պատգամավոր եւ մեկ ուղեկցորդ։ Որքան գիտեմ՝ մեկն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ-ական պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե Երեւանում այս օրերին կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով Ադրբեջանից պատվիրակներ ժամանե՞լ են, թե՞ ոչ։

«Շփումներ դեռ չեն եղել։ Այն ձեւաչափերում, որոնցում ՀՀ պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, երբ մենք մեկնում ենք գործուղումների, նման ներկայություն՝ ֆիզիկապես նույն տարածքում, բնականաբար, այս անգամ եւս լինելու է։ Անհնար է հակառակն ակնկալել»,-նշեց Մարիա Կարապետյանը։ Նա հավելեց․ «Հասկանում եմ՝ հավելյալ զգայունություն կա, որ դա ՀՀ մայրաքաղաքում է, բայց երկրները հյուրընկալում են խորհրդարանական վեհաժողովները»։

Հարցին՝ «ոչ պաշտոնական հանդիպում նախատեսվո՞ւմ է», Մարիա Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Շատ վատ է, որ նման հարց է հնչում։ Այդ զգայունությունը, որի մասին ասացի, բոլորիս պետք է կանխեր նման միտք ունենալուց։ Լսեցի, որ ընդդիմադիր պատգամավորները խոսում են «մտերմիկ միջավայրի» մասին․․․ հասկանում եմ, թե դա ինչի համար է արվում՝ քաղաքացիներին նյարդայնացնելու։ Բոլորին կոչ եմ անում զուսպ ելույթներ ունենալ եւ այս երկու օրում 240 վոլտ էլեկտրաէներգիայի հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին, որովհետեւ նման բան չի կարող լինել։ Նման բան չպետք է հղանա որեւէ մեկի մտքում։ Ինստիտուցիոնալ, պաշտոնական շփումներում դա իմ պարտականությունն է։ Ես չեմ պատրաստվում 18 տարեկան զինվորի հետեւում թաքնվել եւ առաջարկել, որ ինքը խնդիրը լուծի։ Խնդիրը ես պետք է լուծեմ՝ որպես ընտրված պատգամավոր եւ կառավարող ուժի ներկայացուցիչ»։

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ ոչ պաշտոնական շփումները ես հնարավորություն են տալիս խնդիրներ լուծել, Մարիա Կարապետյանը շեշտեց․ «Շատ լավ է, որ գիծը փոխեցիք եւ հայտնվեցիք հակառակ կողմում ու կարծում եք, որ․․․այո, շատ կարեւոր է երկխոսելն ըստ անհրաժեշտության, բայց այս պահի դրությամբ Երեւանում նման բան չի նախատեսվում»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ անվտանգության երաշխիքներ պահանջե՞լ են ադրբեջանցի պատվիրակները։ Մարիա Կարապետյանը պատասխանեց, որ դա նախատեսված ընթացակարգ է, եւ երբ ժամանակին Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը մեկնել են Բաքու, նրանց տրվել է այդ երաշխիքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28