«Արցախի հարցի իրավական լուծման ճանապարհը հայկական կողմն անտեսեց անցած 30 տարիների ընթացքում: Հայությունը պետք է ցույց տա իր միասնությունը, որպեսզի մյուսները կանգնեն մեր կողքին»,- այս մասին Արցախի խորհրդարանի նախագահի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հայաստանցի մտավորականների պատվիրակությունը, որը Արցախի հանրապետությունում էր գտնվում փետրվարի 18-20-ը, ուղերձով էր գնացել: Իսկ այցի ժամկետները խորհրդանշական էին ընտրված. 34 տարի առաջ այդ օրերին արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի ԳԽ-ին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի ԳԽ-ին՝ կազմում ընդգրկելու համար, նաեւ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով: Խնդրանքը հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
Հարցի լուծումն իրավական տեսանկյունից դիտարկելու հիմնավորումն, ըստ Արամ Սարգսյանի, այն է, որ Արցախն առաջին իսկ օրվանից իրավական ճանապարհն է ընտրել՝ երբեք չխախտելով այն, որը չի ներկայացվել իբրեւ բանակցային հնարավորություն: Այսօր, երբ բանակցությունները չկան, Արամ Սարգսյանը գտնում է, որ հարցի կարգավորման իրավական ճանապարհը կարող է օրակարգ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար եւ հայությունը պետք է հետամուտ լինի, որ Արցախը լինի հայկական, անկախ ու անվտանգ, քանի որ ՀՀ գործող իշխանությունը պարզապես հրաժարվել է Արցախից:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանն ընթերցեց Արցախից համայն հայությանն ուղղված ուղերձը, որում, մասնավորաբար, ասված է.
«Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է․ 1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։
2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, վտանգված է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը․ բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան գործունեությունը՝ հայկականության ոչնչացում, մշակութային վանդալիզմի իրագործում։
Անպատասխան թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ թշնամական գործողությունները նշանակում է՝ հայությանը՝ առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցներին, նոր, կործանարար փորձությունների դատապարտել։
Օրհասական այս պահին հայ ազգը պայքարելու և հարատևելու միայն մեկ ճանապարհ ունի՝ միասնական բռունցք դառնալ համազգային խնդիրները լուծելու համար։ Մենք պարտավոր ենք գիտակցել՝ երբ հայերս միակամ ենք, անպարտելի ենք։
Առաջնահերթ խնդիր ենք համարում Արցախյան հիմնահարցի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել բանակցությունների նորացված օրակարգ։ Հաշվի առնելով, որ հիմնահարցի էության հիմքը իրավական փաստարկներն են, առաջարկում ենք տապալված քաղաքական բանակցությունները տեղափոխել իրավական հարթություն։ Կողմերը ազատ են ներկայացնել միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, այսպես կոչված, «Ղարաբաղյան հակամարտության իրավական թղթապանակ»։
Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ ենք համարում ճանաչել ԼՂՀ-ի, այժմ ՝ Արցախի Հանրապետության, կազմավորման օրինականությունը, որով կհաստատվի արդեն իսկ նրա դե-յուրե անկախությունն Ադրբեջանից։
Ներկայացնելով իրավական փաստաթղթերի թղթապանակը, հայկական կողմը հաստատում է, որ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի դեպուտատների մարզային խորհրդի ընդունված որոշումը և դրան հետևած ԼՂՀ-ի բոլոր իրավական ակտերը օրինական են և անհերքելի միջազգային իրավունքի տեսանկյունից։
Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականությունը պաշտպանելու և հզորացնելու, հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու, համազգային խնդիրները լուծելու, արտաքին աշխարհում մեր շահերը ներկայացնելու, Արցախի Հանրապետության, որպես Ադրբեջանից անկախ, ինքնիշխան սուբյեկտ, անվտանգ գոյությունը երաշխավորելու, դաշնակցային և բարեկամ պետությունների հետ փոխշահավետ, հարգալից և վստահելի հարաբերությունները զարգացնելու համար, նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը։ Ազգային միասնության խորհրդի առաջնային նպատակն է լինելու համահայկական համաժողով հրավիրելը։
Հայրենիքը պահանջ ունի պաշտպանության։ Բոլորիս պարտքն է միաբանվել, թշնամուն հաղթել բոլոր հարթակներում, միասնաբար լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։
Ազգային միասնությամբ մենք կհաստատենք՝ կա Հայաստան, որպես համայն հայության Հայրենիք, կա ինքնիշխան Արցախ, կա հայի ինքնությունը պահպանող Սփյուռք։ Արցախն ավելի քան երբևէ համայն հայության աջակցության կարիքն ունի։ Ուստի, Արցախից դիմում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ՝ միաբանվենք, միասնական դիրքորոշում արտահայտենք, համատեղ գործողությունների ծրագիր մշակենք։
Կազմակերպչական բնույթի հարցադրումները կներկայացնենք բոլոր շահագրգիռ կառույցներին»։
Արցախի խորհրդարանական խմբակցություններում կքննարկվի առաջարկվող ուղերձը եւ դրան միանալու հնարավորությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ