«Այս կամ այն պատճառով ՀՀ իշխանություններն այսօր իրենց Արցախի հարցով հանգիստ են պահում, բայց այդ հարցը կա եւ դա թիվ մեկ հարցն է»,- Արցախի հանրապետության խորհրդարանում, ԱՀ նախագահի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանցի մտավորականների պատվիրակությունը, որը Արցախի հանրապետությունում էր գտնվում փետրվարի 18-20-ը, ուղերձով էր գնացել: Իսկ այցի ժամկետները խորհրդանշական էին ընտրված. 34 տարի առաջ այդ օրերին արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի ԳԽ-ին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի ԳԽ-ին՝ կազմում ընդգրկելու համար, նաեւ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով: Խնդրանքը հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
Կարդացեք նաև
Առաքելության նպատակների մասին խոսեց Հրանտ Բագրատյանը՝ ստեղծել մտավորականների խումբ՝ մինչեւ հարյուր հոգի, որն անընդհատ կբարձրաձայնի, որ Արցախի հարցը լուծված չէ եւ վերջնական լուծման ճանապարհը քաղաքական է: Խորհուրդը միայն ազգային անվտանգության եւ Արցախի հարցերին է հետամուտ լինելու, ապաքաղաքական կառույց է:
Հարցն այս է՝ ի՞նչ է պետք անել հետո, որպեսզի այս անգամ չսխալվենք:
«Միջազգային քաղաքականության մեջ փոփոխություններ են լինում՝ գլոբալ աշխարհից տարածաշրջանային աշխարհ է անցում կատարվում: Այս անցման մեջ մեր հստակ մոտեցումն է՝ մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ կլինի Արցախի հարցի լուծումը: Տարածաշրջանում այդ հարցը լուծելու է Թուրքիան կամ ՌԴ-ն»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Հայաստանում կա կարծիք, որ ՌԴ-ն մեզ քցել է պատերազմի ընթացքում. թե որքանո՞վ ենք մենք դրանից շահում կամ որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, Հրանտ Բագրատյանը վստահեցնում է՝ դա այդպես չի. «Ես հիմա էլ եմ կարծում, որ մեզ օգնելը շատ դժվար է, բայց մենք արժանի ենք օգնության եւ արժանի ենք օգնության, եթե կարողանում ենք ճիշտ դիմադրություն ցույց տալ»:
ԱՀ նախագահը Հրանտ Բագրատյանին նվիրեց սրվակ. « Սա Արցախի հողն է՝ արյունով շաղախված, որը չի վաճառվում»:
«Սա փորձ է հայությանը նորից համախմբելու, վերադարձնելու 1988-ի մթնոլորտը: Առջեւում հետաքրքիր քաղաքական իրադարձություններ են լինելու եւ միշտ չի, որ դրանք ի վնաս մեզ են լինելու, բայց մենք պետք է զգոն լինենք, որպեսզի բաց չթողնենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան