Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էդվարդ Նալբանդյանը երեւի մոմ էր տարել Էրդողանի երդմնակալության արարողությանը». Մարիա Կարապետյանի պատասխանը՝ Մամիջանյանին

Փետրվար 21,2022 11:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը ներկայացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծ: Դրանով առաջարկվում է մտահոգություն հայտնել հռչակագրի վավերացման հետ կապված:

Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, երբ լսեց ՔՊ-ի տեսակետը ներկայացնող Գուրգեն Արսենյանի բացատրությունները, թե ինչու են դեմ այդ հայտարարությանը, ասաց, որ ելույթ ունենալն էլ այս պարագայում անիմաստ է դառնում, որովհետեւ պարզ է՝ որոշումը կայացված է. «Ովքեր որ չեն հասցրել, հիմա sms-ով կստանան, թե ինչպես պետք է քվեարկեն: Ելույթ պետք է ունենալ, որ մեր քաղաքացիները տեղեկանան՝ հիմա ինչ է տեղի ունենում: ՔՊ-ն բառացիորեն ասում է հետեւյալը՝ հանկարծ չներվայնացնեք, չջղայնացնեք թուրք-ադրբեջանական տանդեմին: Մի անգամ պատասխանել ենք ԱԳՆ-ով, հազիվ չեն արձագանքել դրան, էլ մի հատ էլ այս հարցը մի բարձրացրեք: Ասում են՝ ընդամենը վավերացրել են: Ի՞նչ է նշանակում ընդամենը վավերացնել, մենք պառլամենտական երկիր ենք: Եթե ՔՊ-ն որոշել է, որ ՀՀ ԱԺ-ն, պիտի մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, կներեք, մենք այդպես չենք համարում: Միջազգային հարաբերություններում հնարավոր չի ջայլամի քաղաքականություն վարել եւ չնկատել տեղի ունեցող գործընթացները: Թուրքիայի փոխնախագահը օրենսդիրում պաշտոնական հայտարարում է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները ուղղակի ներգրավված են եղել 44-օրյա պատերազմին, իսկ մենք ի՞նչ ենք անում, հայտարարում ենք՝ ինչ լավ է, Թուրքիան հայտարարել է, որ առանց նախապայմանների է երկխոսելու: Դրա առանց նախապայմաններն էլ ո՞րն է»:

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյան էլ իր ելույթում անդրադարձավ նախկին իշխանություններին. «Երբեք ավելորդ չէ անցյալը հիշել ու հասկանալ, որ այս սենյակում գտնվող ընդդիմադիր պատգամավորները եւ նրանց քաղաքական ուժերը ինչով են զբաղված եղել նախորդիվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ԼՂ հակամարտության համատեքստում: 2010-ին Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագիր: Սա հռչակագիր չէ, ես չեմ նսեմացնում դրա կարեւորությունը, բայց ռազմավարական համագործակցության համաձայնագրով ֆիքսվում է, որ այդ երկու երկրները ամեն կերպ միմյանց օգնելու են՝ հնարավոր ռազմական գործողություններին: Համաձայնագիրը հռչակագրային չէ, լուրջ փաստաթուղթ է, իրավական պարտավորվածություն է ենթադրում կողմերի միջեւ՝ միմյանց փոխօգնության առումով: Ես փնտրում եմ ՀՀ ԱԳՆ-ի եւ առհասարակ որեւէ դիրքորոշում այդ թվականների ու չեմ գտնում, դատապարտող հայտարարություն, խորհրդարանական, ԱԳՆ, ի՞նչ արեց ՀՀ խորհրդարանը, խորհրդարանական ուժերը: Փոխարենը գտա, որ 2014-ի օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում մասնակցել է Թուրքիայի հանրապետության նորընտիր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը (լուսանկարում): Պարո՛ն Մամիջանյան, ես ձեր բառապաշարը չեմ ուզում կրկնել, բայց երեւի մոմ էր տարել այդ արարողությանը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ Մարիա Կարապետյանին հիշեցրեց 2020-ի ողբերգական իրադարձությունները. «Իր ելույթը կառուցելիս այդ դրվագը մոռացել է»:

Գուրգեն Արսենյան

Դիմելով նախկին իշխանություններին՝ Գուրգեն Արսենյանն ասաց, թե նրանք տապալել են արտաքին քաղաքականությունը ու այսօր հետեւանքներն են փորձում մաքրել. «Շատ դժվարությամբ է ստացվում, որովհետեւ ամեն օր չգիտեմ որտեղ է որոշվում, որ ՀՀ քաղաքական օրակարգ եւս մի տոքսիկ նյութ մտցնել ու Հայաստանի ժողովրդին չթողել զբաղվի իր կյանքի կարգավորմամբ: Ժողովուրդ, ՀՀ ժողովուրդը մեզ տվել է իր վստահությունը, երբ որ ձեզ կտա, կգնաք կիրականացնեք ձեր քաղաքականությունը»:

Նախագիծը մերժվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28