Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը ներկայացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծ: Դրանով առաջարկվում է մտահոգություն հայտնել՝ հռչակագրի վավերացման հետ կապված:
Թեւանյանն ասաց, որ դրանով Ադրբեջանն ու Թուրքիան մարտահրավեր են նետել ՀՀ-ին ու ԱԺ-ն պետք է պատասխան տա: Հռչակագրում նախ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, Հայաստանը 90-ականներից ագրեսոր է ներկայացվում, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն է ամրագրվել, ինչը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է ոտնահարում: Այս հռչակագրով Հայաստանի հանրապետությունը վերացնելու ծրագիր են իրականացնում ու եթե ԱԺ-ն չարձագանքի, ստացվում է, որ ընդունում է այն:
ՔՊ-ի դիրքորոշումը հայտնեց Գուրգեն Արսենյանը: Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է: Նաեւ հիշեցրեց, որ իրենց կառավարության ծրագրում երկարատեւ ու կայուն խաղաղության հասնելու նպատակ են ամրագրել, իսկ այդ նպատակին հասնելու գործընթացը չվիժեցնելու համար ՀՀ կառավարությունը վարում է դրան համապատասխան քաղաքականություն՝ հաշվի առնելով առկա ռիսկերն ու հնարավորությունները: Իսկ ԱԺ-ն կառավարության հետ միասնական քաղաքականություն է վարում:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց՝ դուք ի վերջո ընդունելի՞ եք համարում Շուշիի հռչակագիրը, թե՞ անընդունելի, ձեր միասնական քաղաքականության հիմքում ո՞ր տեսակետն է ընկած։
Արսենյանը պատասխանեց. «Որպես ՀՀ իշխանություն, որը աջակցություն է ստացել ՀՀ ժողովրդի կողմից, մենք արձանագրում ենք այն փաստը, որ մեր հարեւան երկրները ունեն իրենց նպատակները ու այդ նպատակները միշտ չէ, որ համընկնում են ՀՀ-ի նպատակների հետ: Մենք ընտրությունների ժամանակ ժողովրդին առաջարկել ենք մեր տեսլականը, որ մենք գնում ենք երկարատեւ խաղաղության ճանապարհով, ժողովուրդը մեզ տվել է վստահության քվե: Մենք ունենք խաղաղության ծրագիր, օրակարգ ու այդ օրակարգի սպասարկման համար մենք ունենք մեր՝ որպես ՀՀ պատասխանատու իշխանություն մեր տակտիկական մոտեցումները: Տակտիկական մոտեցումներից ելնելով՝ մենք իրականացնում ենք այն գործընթացը, որն իրականացնում ենք: Մենք ՀՀ իշխանություններն ենք, իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը որ նպատակահարմար ենք գտնում ու որը համարում ենք օգտակար՝ մեր նպատակներին հասնելու համար: Իսկ մեր նպատակը խաղաղության հասնելն է»:
Ընդդիմադիրների հարցերից հետո Արսենյանն ասաց. «ՀՀ վարչապետը բազմիցս ԱԺ ամբիոնից ներկայացրել է մեր նպատակն ու գործիքակազմը, ի՞նչն է անհասկանալի, չեմ հասկանում»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց՝ եթե ՀՀ ԱԺ-ի այս հայտարարությունը ընդունելու դեպքում ասում եք՝ խաթարում է խաղաղության ծրագիրը, բա Շուշիի հռչակագիրը չի՞ խաթարում՝ Արսենյանը պատասխանեց. «Որեւէ էական բան տեղի չի ունեցել մինչեւ այսօր, բացի վավերացումից, ընդամենը: Ուրիշ որեւէ էական բան տեղի չի ունեցել ՀՀ-ի համար: Այդ թվում, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում որեւէ բան չի փոխվել»: Գրիգորյանն էլ արձագանքեց. «Եթե ձեր փորձը չլիներ, ես կասեի, որ դուք չեք հասկանում, թե ինչ է նշանակում վավերացում եւ արդյոք «ընդամենը» վավերացում է եւ ուրիշ ոչի՞նչ»:
Արսենյանն ասաց, որ հռչակագիրը եթե ուշադիր են կարդացել, այնտեղ հղում է արվում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 2010-ին ստորագրված ռազմական համաձայնագրին:
Արմեն Ռուստամյանը ելույթում առաջարկեց, որ մեկ նախադասությամբ միասնական հայտարարություն անեն՝ Շուշիի հռչակագիրն իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով անընդունելի է ՀՀ-ի համար. «Եթե մեր խորհրդարանը դրան չարձագանքի, թողնի մենակ գործադիրի վրա, ես չեմ տեսել, որ ԱԳ նախարարը վեր կենա մենակ ու հայտարարի, որ դա անընդունելի է: Հիմնավոր կասկած է առաջանում, որ դուք սպասարկում եք թուրք-ադրբեջանական շահերը, ուրիշ եզրակացություն ձեր այս քվեարկությունից չի բխելու, սթափվե՛ք: Եթե դուք այստեղ սխալ քվեարկեցիք ու չմիացաք այդ ձեւակերպմանը, դուք ուղղակի առիթ եք տալու, որ ողջ հայությունը գա այն եզրակացության, որ դուք ուղղակի սպասարկում եք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ամբողջությամբ կատարում եք նրանց նախապայմանները, պայմանները: Ինչի՞ մասին եք դուք խոսում, ձեր համար ամեն ինչ անընդունելի է, այդպես էլ ասեք: Ձեր համար, ուրեմն ընդունելի է Շուշիի հռչակագիրը, վավերացրե՛ք Շուշիի հռչակագիրը՝ վերջանա գնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները 2021–ի հունիսի 15–ին Շուշիում հռչակագիրը ստորագրելիս