Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ կացնահարվածների

Փետրվար 21,2022 13:30

Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում մի խաչքար-հուշարձան կա` «1921թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում բոլշեւիկների կողմից կացնահարվածների հիշատակին» մակագրությամբ: Խաչքարի տեղը պատահականորեն չի ընտրված:

Ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում բոլշեւիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված եւ 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրների մասունքները: Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի (Կորգանով) նման նվիրյալների անձնուրաց ջանքի պտուղները քաղող բոլշեւիկները նոր Հայաստանի համար վտանգավոր էին համարում ազգային շահը մնացյալ բոլոր արժեքներից գերադասողներին: Երեւանի բանտի փետրվարյան կեսգիշերի աղմուկ-իրարանցումից հետո արյան գետեր հոսեցին: Իսկ օրեր անց թատերական զբոսայգու չհայտարարված եղբայրական գերեզմանոցի վրա երեք անտաշ ժայռաբեկորներ հայտնվեցին` ժամանակի խղճի քարերը, որոնք հետո, խղճի խայթոցների պես, հերթով անհետացան: Այն ժամանակվա երիտասարդները պատմում են, որ մեծահասակներն իրենց թույլ չէին տալիս այդ վայրում խաղալ ու աղմկել` ասելով, որ այդ հողի տակ հերոսներ կան թաղված:

Խորհրդային Հայաստանը, հասարակարգին բնորոշ պահվածքով, այդպես էլ երբեք չխոստովանեց ու չապաշխարեց: Ոչ պատահական զուգադիպությամբ (հավանաբար՝ պատմական անցքերը կոծկելու նպատակով) այս նույն վայրում էին թաղվել նաեւ Մայիսյան ապստամբության զոհերը: Խորհրդային Հայաստանը նրանց հիշատակն անմահացրել էր` հուշաքար տեղադրելով: Բայց, բարեբախտաբար, եւ Աստծո կամոք եղան բարեխիղճ մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին պատմական ճշմարտությունը վեր հանելու գործը: Նրանցից մեկին անպայման պիտի առանձնացնեմ: Ազգային զարթոնքի օրերին մեր մայրաքաղաքում ռուսական տանկերի ներկայությամբ առաջին պարետային ժամի մասին հայտարարությունը հանրային հեռուստատեսության եթերում կարդալուց անմիջապես հետո լրատվական տեքստը բարկությամբ հաղորդավարական սեղանին շպրտողը մեր հանրության կողմից շատ սիրված, ոգեղեն հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն է:

Աիդան խորությամբ ուսումնասիրեց «կացնահարվածների» գործը, եղավ անգամ թբիլիսյան արխիվում, վեր հանեց շատ մանրամասներ: Նրա ջանքերով էր, որ 1993-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում` 1921-ին կացնահարվածների եղբայրական գերեզմանոցի տեղում, հուշաքար տեղադրվեց: Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց հուշաքարը սկսեց ճաք տալ ու քայքայվել: Աիդա Ներսիսյանը ձեռնամուխ եղավ մեր պատմության ցավալի հետքը փոքրիշատե մեղմացնող այդ հուշաքարի նորոգման կամ այն նորով փոխարինելու գործին:

Բայց այնպես պատահեց, որ այդ գործն ինքս ձեռնարկեցի, եւ 2008-ին նախկին հուշաքարի տեղում տեղադրվեց այսօրվա խաչքար-հուշարձանը (խաչքարի հեղինակ՝ Վաչե Պետրոսյան): Գուցե ես կարողանայի հպարտանալ իմ ձեռնարկմամբ, բայց պատմական միջադեպի անհեթեթությունը դրա հնարավորությունը չի տալիս: Չէ՞ որ 1921-ին կացնահարվածների այս հուշարձանը նաեւ մեր ամոթի հուշարձանն է:

Հայ մարդու համար խաչքարը հավերժական ու բարի հիշատակի մարմնավորումն է: Այս խաչքարն իր մեջ կրում է նաեւ պատգամ` ուղղված այսօր ու վաղը ապրողներին. ցանկացած պարագայում եղբայրասպանությունը մերժելու, բացառելու պատգամ: Որպեսզի հայ մարդը երբեք խաչքարի առաջ չկանգնի` նաեւ ամոթը սրտում:

Կացնահարվածների մեջ էին Խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լեւոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ եւ Մուրադ Հարությունյանները եւ ուրիշներ…

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Ա – Ղազախստանում Հայաստանի դեսպանատան օգնությամբ Ռ. Մարկոսյանը ճշտել էր, որ АЛЖИР-ում (Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար՝ ՀԴԿԱՃ), «հայրենիքի դավաճան եւ ժողովրդի թշնամի» մեղադրանքով 81 հայ կին է եղել դատապարտված:

Ռ. Մարկոսյանը պատմում է, որ բանակցություններ են ընթացել Ակմոլենսկի թանգարանի տարածքում քաղաքական բռնություններից տուժած ԽՍՀՄ մյուս երկրների հուշաքարերի կողքին Հայաստանի հուշաքարը տեղադրելու մասին (այն այժմ տեղադրված է): Հնարավոր եղավ նաեւ ձեռք բերել АЛЖИР-ի՝ հայ զոհերի ցուցակը, որը հրապարակվում է առաջին անգամ: Ցուցակում նշված կանանցից տեղեկություն կար միայն Կոնստանտին Օրբելյանի մոր` Սոնյա Աթարբեկովայի մասին, Մարիա Լիսիցյանի մասին, որը հետագայում դարձավ գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրը, ինչպես նաեւ հանրահայտ բանաստեղծ, երգիչ-երգահան Բուլատ Օկուջավայի մոր՝ Աշխեն Նալբանդյանի մասին (Վահան Տերյանի ազգական): Ռազմիկ Մարկոսյանի անձնական նախաձեռնությամբ 2014թ. ՌԴ Սոլովեցկյան կղզիներում տեղակայված Հատուկ նշանակության սոլովեցկյան բանտի տարածքում արդեն առկա է բռնադատված հայերի՝ 46 գնդակահարվածների (ցուցակը դեռ ճշտվում է) հարգանքի տուրք-հուշաքարը:

«Առավոտ» օրաթերթ
19.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28