ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա. Խաչատրյանի՝ «որպես մեղադրյալ ներգրավվելու մասին» որոշման համաձայն, նա խախտել էր ներքին ծառայության կանոնագրքի 13, 73, 76 հոդվածները, մարտական կանոնադրության 2-րդ մասի 27-րդ կետի պահանջները, «2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման, մշտական մարտական եւ զորահավաքային պատրաստակամության, ստորաբաժանման մարտական խնդիրների հաջող կատարման համար», պատերազմի օրը կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսեւորել է իշխանության անգործություն:
Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել:
Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:
Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:
Կարդացեք նաև
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մայորը կատարել է ՀՀ քրօրի 375 հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցավոր արարք: Օրենքը նախատեսում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում պատիժ:
Այս գործով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հանդիսանում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը: Փաստաբանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ գործի նախաքննությունն ավարտվել է ու գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան: Քրեական գործը դատավոր Լ. Սեպխանյանի վարույթում է:
Փետրվարի 16-ին մարզի դատարանը որոշում է կայացրել մեղադրյալի կալանքը ափոփոխ թողնելու մասին: Ամբաստանյալի պաշտպանը՝ Գոռ Գեւորգյանը բացարկ է ներկայացրել դատավորին, որը մերժվել է:
Սպասվում է, որ այս գործով դեռ դատարան կներկայանան բարձրաստիճան զինվորականներ, չի բացառվում՝ անգամ ներգրավվեն որպես մեղադրյալ: Ըստ մեր տեղեկությունների, նախաքննության փուլում հարցաքննված են այս գործով դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանը…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Զոհված զինծառայողների ծնողների, հարազատների անցյալ տարվա՝ 2021 թ. սեպտեմբերի 9-ի ասուլիսին խոսք գնաց նրանց կողմից ինքնուրույն հետաքննություն անցկացնելու մասին: Նրանք հայտնել էին, որ իրենց դիմումների հիման վրա է քրեական գործ հարուցվել, ձերբակալվել մայորը՝ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ Գեւորգ Գեւորգյանը: Այդ ասուլիսին ծնողները ասել էին նաեւ. «Գեւորգյանին մեղադրում ենք, իր մեղավորությունն ունի, բայց այնպես չէ, որ լրիվ ինքն է մեղավոր:
Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է իր սխալ տեղեկատվությամբ: Հոկտեմբերի 10-ին արդեն թուրքերը մտած են եղել Հադրութ: Նա լինելով հրամանատար՝ պետք է կասկածելու տեղիք ու ինքնուրույն որոշում ընդունելու հնարավորություն տար: Երկրորդ մեղավորը՝ բանակի նախկին հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանն է: Մեղադրում ենք քիթը խոթելու անմիջապես այդ կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ, պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությունը, կրակային խնդիրների հրամանն իր կողմից էր հնչեցվում»:
«Առավոտ» օրաթերթ
19.02.2022