«Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքով ամրագրվում է, որ Արցախը չի ճանաչում անցյալ տարվա պատերազմի արդյունքները վերջնական առումով եւ չի համակերպվել իր տարածքային կորստի հետ ու հարկ եղած դեպքում վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը: Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք պետք է ցուցաբերի ՀՀ խորհրդարանը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Անհրաժեշտ չեմ համարում վերաբերմունք ցուցաբերելը ՀՀ ԱԺ-ի կողմից: Փաստացիորեն դրանով ՀՀ-ն ցույց կտա, որ ինքն էլ է հակամարտության կողմ: Արցախի կողմից այդ փաստաթղթի ընդունումը միանգամայն բավարար է, եւ դա ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետությունը եւ բնակիչները չեն համակերպվել այդ տարածքային կորստի հետ եւ առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այդ քայլը ռեւանշիստական համարող բնորոշումներին՝ Արմեն Վարդանյանն ասաց. «Ադրբեջանը նույնիսկ առանց այդ օրենքն ընդունելու էլ դա անելու է: Ալիեւը մեծ վախեր ունի, որ հայկական կողմը մի օր անցնելու է ռեւանշի: Եվ այդ մասին Ալիեւը բազմիցս հայտարարություններ է արել 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Եվ նա նաեւ այդ հայտարարություններով ցույց է տալիս իր վախերը: Բազմիցս նշել է, որ իբր թույլ չեն տա, որ հայկական ռեւանշիզմը ոտքի կանգնի, հայկական բանակը հզորանա, թույլ չի տա, որ հայի մտքով նորից անցնի տարածքներ հետ վերցնելը: Փաստացի սրանով Ալիեւն անուղղակիորեն ցույց է տալիս իր վախերը: Նույնիսկ, եթե Արցախի խորհրդարանի կողմից այդ փաստաթուղթը չընդունվեր, միեւնույն է, Ալիեւը հանգիստ չէր քնելու: Նա շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը չի համակերպվելու Շուշիի, Հադրութի եւ մյուս մեր հողերի կորստի հետ»: Ըստ Արմեն Վարդանյանի՝ նույնիսկ, եթե հայկական կողմը չհայտարարեր, օրենք էլ չընդուներ, Ալիեւը շատ լավ է գիտակցում, որ հայկական կողմը չի համակերպվելու այդ հողերի կորստի հետ, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է անում՝ դրանով ցույց տալով իր վախերը:
Հարցին՝ օրենքի տեսքով այս ամրագրումն Արցախի կշիռը բարձրացնո՞ւմ է, այն ազդակ կլինի՞, որ միջազգային հանրությունն ավելի հասցեական մոտեցում ցուցաբերի Արցախի հարցով, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այս օրենքը Արցախի կշիռը կավելացնի: Միջազգային ասպարեզում այլ չափանիշներով են առաջնորդվում: Արցախի կշիռն ավելի կբարձրանա, երբ Արցախը ստեղծի ուժեղ, մրցունակ բանակ, ժողովրդավար իրավական պետություն, այդ դեպքում Արցախի կշիռն ավելի կբարձրանա»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Արայիկ Հարությունյանի անվտանգության հետ կապված խնդիր տեսնո՞ւմ եք, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ: Ամեն պահի Ալիեւը կարող է փորձի գնալ սադրանքների եւ ձերբակալի Արայիկ Հարությունյանին: Դա նաեւ հոգեբանական առումով մեծ հարված կլինի Արցախի հայկական պետականության համար: Չի բացառվում, որ փորձեն նման քայլեր ձեռնարկել, մանավանդ, որ այժմ Արցախը Հայաստանին կապող մեկ ճանապարհ կա՝ Լաչինի միջանցքը, եւ փաստացիորեն Արցախի բնակչության, այդ թվում նաեւ նախագահի անվտանգությունը բավականին թուլացել է այն առումով, որ ընդամենը մեկ ճանապարհ է ՀՀ-ն կապում Արցախին: Եվ այդ ճանապարհի անցնելու դեպքում նրանք կարող են փորձել ձերբակալել Արայիկ Հարությունյանին»:
Արմեն Վարդանյանն ասաց, որ նման փորձեր եղել են ու հիշեցրեց. «Մասնավորապես, անցյալ տարի Դադիվանքում հայերի կողմից ուխտագնացություն էր տեղի ունեցել, եւ ըստ ականատեսների՝ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ ուխտագնացների մեջ փնտրել են Արայիկ Հարությունյանին: Կարծեմ՝ դա Զատիկի օրն է եղել, մինչդեռ այդ օրը Արայիկ Հարությունյանը ոչ թե Դադիվանք, այլ Ամարաս կամ Գանձասար էր գնացել: Իրենք, փաստորեն, սխալ տեղեկություններ ունեին եւ փորձել են այդ ուխտագնացների մեջ հայտնաբերել նրան ու ձերբակալել: Այնպես որ, հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի գնալ այդ քայլին, ինչը հոգեբանական մեծ հարված կլինի Արցախի եւ ՀՀ-ի բնակչության համար»:
Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստի ընթացքում մեկ օր առաջ հաստատվեց ԵՄ «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականության» տարեկան բանաձեւը, որը հաստատում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատը՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եւ խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անհապաղ եւ կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ գործնականում ի՞նչ նշանակություն ունի այս բանաձեւը հատկապես այն համատեքստում, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խմբի գործունեությանը խոչընդոտի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Եվրոպական խորհրդարանի բանաձեւը դիվանագիտական մեծ նշանակություն ունի: Իհարկե, Ադրբեջանի այս պահվածքը նորություն չէ: Ադրբեջանն այս պատերազմից հետո փորձում է ընդհանրապես հասնել նրան, որ կամ լուծարվի կամ ընդհանրապես ձեւական բնույթ կրի Մինսկի խումբը: Եվ տարբեր միջոցառումների ժամանակ փորձում են տապալել այս խումբն ընդհանրապես ու դրա հովանու ներքո անցկացվող միջոցառումները: Այստեղ ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտությունից: Մենք պետք է այս ուղղությամբ ակտիվ աշխատենք եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ակտիվ ներգրավենք ղարաբաղյան հարցով անցկացվող բանակցություններին, մանավանդ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան բացահայտ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ: Սա նշանակում է, որ գոնե այս երկու երկրների հետ ընդհանուր շահեր, ընդհանուր աշխատանքային դաշտ ունենք, եւ պետք է այնպես անել, որ համանախագահներն այսուհետ Ադրբեջանի վրա ճնշում գործադրեն, այլ ոչ թե Հայաստանի: Դրա համար պիտի հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ աշխատի: Մեծ նշանակություն ունի, թե ինչպես կաշխատի հայկական դիվանագիտությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը: Եթե ԱԳ նախարարությունն ավելի ինտենսիվ, համառորեն աշխատի, ապա Մինսկի խմբի համանախագահներն ավելի հաճախ կգան այս տարածաշրջան, ավելի կուժեղացնեն Բաքվի վրա ճնշումները եւ ցույց կտան, որ այս հակամարտությունը լուծված չէ՝ չնայած Ադրբեջանի բոլոր այդ ջանքերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2022