Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխարհի հետ խոսելու այլ լեզու՝ արվեստից բացի, չունենք»

Փետրվար 21,2022 12:30

Հարցազրույց ճանաչված օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ

– Հարգարժան Գեւորգ, նախ թույլ տվեք զրույցը սկսել ամանորյա շնորհավորանքով, քանի որ 2021-ի դեկտեմբերից մեկնեցիք Վիեննա, այնտեղ դիմավորեցիք Ամանորը ու թեեւ օրերս եք վերադարձել, բայց հասցրել եք մեր թատրոնում հանդես գալ Սկարպիայի դերերգով Պուչինիի «Տոսկայում», ում կերպարը մարմնավորել եք նաեւ Վիեննայի State Opera-ում։

– Ընդունեք նաեւ իմ ամանորյա շնորհավորանքները (ժպտում է-Ս.Դ.), ընդ որում՝ ողջ հայությանն ու հանդիսատեսիս։ Այո, հանդես եկա Սկարպիայի դերերգով, «Տոսկայով» բացվեց State Opera-օպերան կապիտալ վերանորոգումից հետո։ Հիշյալ օպերայի այս բեմադրությունը թատրոնի խաղացանկում է դեռեւս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-ականներից, բեմադրել է Մարգրեթ Վոլմանը։ Սա օպերայի դասական ռեժիսուրայով արված անկրկնելի շքեղ բեմադրություն է։ Կուզեի նշել խաղընկերներիս: Ճանաչված անուններ են՝ իտալացի տենոր Լուչիանո Գանչի, իսպանուհի սոպրանո Սառյա Հերնանդես եւ այլն։ Վիեննայից մեկնեցի Բարսելոնա, տեղի TEATRO LICEU-ում հանդես եկա կոմս Տոմսկիի դերերգով՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում, հրաշալի ընկերոջս՝ սոպրանո Լիանա Հարությունյանի ընկերակցությամբ, որը կատարում էր Լիզայի դերերգը։ Դիրիժորական վահանակի մոտ էր անվանի Վլադիմիր Յուրովսկին, ում հոր՝ Միխայիլ Յուրովսկու հետ պատիվ եմ ունեցել 2008թ. Իտալիայում նույն «Եվգենի Օնեգինում» հանդես գալ Օնեգինի կերպարով։ Դե, հետոն արդեն գիտեք. վերադարձա եւ անմիջապես՝ փետրվարի 16-ին, հանդես եկա մեր օպերային թատրոնում։

– Այսօր, համաձայնեք, հրաշալի ձայներ կան աշխարհում։ Հետաքրքիր է՝ նրանք բոլորը, ասենք՝ ձեր օրինակով, սպասվա՞ծ են, բեմ դուրս գալի՞ս են… Թեեւ, մեր մեջ ասած՝ եթե ձեր օրինակն ենք բերում, ապա տարվա կտրվածքով տանը մեկ-երկու ամիս եք լինում։ Կարելի է ենթադրել, որ ոչ բոլորն են աշխատում մենեջերական գործակալությունների հետ կամ ունեն անձնական իմպրեսարիո։

– Երկու շաբաթից երեք ամսով մեկնում եմ Հոլանդիայի թագավորական թատրոն, որտեղ Բեռլինի օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Բարի Կոսկին իրականացնում է, տպավորիչ ասած՝ մոլորակի «Տոսկան»։ Նախատեսված է 9 պրեմիերային ներկայացում՝ ընդամենը մեներգիչների մեկ կազմով։ Ինչ վերաբերում է հրաշալի ձայներին, այո, շատ-շատ են։ Բայց թույլ տվեք ասել, որ լավ երգիչները, արտիստները, ովքեր կարող են ծանր բեռ վերցնել ու տանել ներկայացումը, նախ պետք է իրենք իրենց հավատան եւ համոզեն հանդիսատեսին։ Նման կատարողները, հավատացեք, շատ քիչ են։ Մի բան էլ. աշխարհում շատ են թատրոնները, հետեւաբար եւ բեմադրվող օպերաները։ Անշուշտ, մենեջերի դերը մեծ է երգչի ստեղծագործական կյանքում, օրինակ, ես 2008-ից հանդիսանում եմ իտալական STAGE DOOR գործակալության արտիստ եւ 5-6 տարի է՝ համագործակցում եմ բրիտանական ASKONAS HOLT-ի հետ։


– Մեր հարցին, թե մենեջերներն են տնօրինում երգչի ստեղծագործական գրաֆիկը, հյուրախաղերը, տարբեր արտիստներից տարբեր պատասխաններ ենք ստացել։ Ձեր դեպքում ինչպե՞ս է, հյուրախաղերը բացառապես իրե՞նք են տնօրինում կամ կազմակերպում։

– Իմ դեպքում՝ բացառապես այո։ Տեսեք՝ բրիտանական գործակալությունը կազմակերպում է իմ հյուրախաղերը աշխարհի կտրվածքով, իսկ իտալականը՝ միայն իր երկրում։


– Տարիների ընթացքում չի՞ պատահել, որ ձեր սրտով չլինի հյուրախաղը։

– Վերջնական խոսքը արտիստինն է։


– Վաղուց արդեն դասական ռեժիսուրայով իրականացված օպերաները հրամցնում են նաեւ ժամանակակից ռեժիսուրայով, ինչը տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս։

– Իրավացի եք, հիմա շատ են ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունները։ Օպերան հին արվեստ է եւ միգուցե պահանջում է նորարարություն՝ նոր պատկերացումներով, լուծումներով։ Եվ այդ ժամանակակից ռեժիսուրայով արված գործերը ավելի շատ դինամիկ են, շարժում կա, դիտարժան են։ Այդ առիթով մեկ օրինակ բերեմ. Մադրիդի թագավորական թատրոնում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված «Տոսկան» համարվեց աշխարհում լավագույն ներկայացումը, որն, ի դեպ, իրականացրել է իմ լավ ընկերը՝ իսպանացի Պակա Աձորին։

– Այսօր մեր օպերային ձայների մասին աշխարհը գիտի։ Իսկ մեր թատրոնի մասի՞ն։

– Արտասահմանում գիտեն, ճանաչում են, հրավիրում են մեր երգիչներին եւ ամեն մեկը, հավատացնում եմ, յուրովի փայլում է։ Խոսում են նրանց մասին, հարցազրույցներ վերցնում… Ինչ վերաբերում է Երեւանի օպերային թատրոնին, համոզված եմ, որ մենք ունենք հիանալի ներուժ, պարզապես պետք է համախմբվել, հրավիրել արտասահմանում ստեղծագործող մեր երգիչներին, ինչպես նաեւ մեր թատրոնի առաջատարներին, մի խոսքով՝ բոլորս հավաքվենք այստեղ, կազմակերպենք, ասենք, մի շքեղ գալա համերգ, հրավիրենք հեղինակավոր TV-ների, որոնք իրենց երկրներում կցուցադրեն այդ երեկոն։ Կամ՝ ստեղծվի հայկական պատմական մի մեծ իրադարձության թեմայով օպերային լիբրետո, բնականաբար, կոմպոզիտորի համագործակցությամբ։ Ինչու ոչ՝ վերցնենք հենց քրիստոնեության թեման. աշխարհում առաջինն ենք, չէ՞, ընդունել այն։ Եվ, որ ամենակարեւորն է՝ այդ օպերան բեմադրվի բացառապես մեր ուժերով՝ հայ երգիչներով, դիրիժորով ու ռեժիսորով, երգչախմբով ու նվագախմբով, եթե պարային համարներ կլինեն՝ ապա մեր բալետի արտիստներով։ Կարծում եմ՝ նման գաղափարի շուրջ կհամախմբվի աշխարհի հայությունը եւ, ինչու ոչ՝ նկատի ունեմ ֆինանսական աջակցությունը նույնպես։ Մի բան պետք է ընդունենք՝ այսօր աշխարհի հետ խոսելու այլ լեզու՝ արվեստից բացի, չունենք։

– Վերադառնանք ձեր գործունեությանը։ Մեր թատրոնում ընթացիկ թատերաշրջանի սկզբից փոշուց կամաց-կամաց հառնում են ինչ-ինչ պատճառներով «մի կողմ դրված» բեմադրություններ, որոնցում ընդգրկված եք եղել նաեւ դուք։ Բայց քանի որ մեր հանդիսատեսն էլ մեծ ցանկություն ունի ձեզ տեսնելու տարբեր դերերգերով, գուցե մենահամերգո՞վ հանդես գաք, որտեղ կլինեն ոչ միայն համաշխարհային, այլեւ հայկական օպերային գրականության նմուշներ, դուետներով հանդես կգաք ձեր գործընկերների հետ եւ այլն։

– Անկեղծ ասած՝ մտածում եմ այդ ուղղությամբ։ 2023-ին կլրանա 20 տարին, որ պատվով եմ կրում Երեւանի օպերային թատրոնի մեներգչի կոչումը։

– Վերջում ձեր թույլտվությամբ «ընտանեկան» հարց ուղղենք. հայտնի է, որ ձեր կինը՝ Աննա Այվազյանը, մեր թատրոնի առաջատար սոպրանոներից է, հրաշալի երգչուհի, որը զբաղված է խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում։ Բայց մեզ հետաքրքրում է մի հարց. ձեր որդին՝ Միքայելը, որը հաճախում է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի դասարան, ինչպե՞ս է տանում ձեր երկարատեւ բացակայությունները։

– Դուք էլ թույլ տվեք ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանել։ Այս անգամ երբ վերադարձա, Միքայելը խիստ տոնով ասաց՝ Գեւորգ, մեզ հետ ավելի շատ հեռախոսով ես խոսում…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ Գեւորգ Հակոբյանը վերջին հյուրախաղային ներկայացումներում

«Առավոտ» օրաթերթ
19.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28