Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի «տոնական լռությունը». այսօր Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է

Փետրվար 20,2022 23:13

34 տարի առաջ այս օրը՝ 1988-ի փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը: Հադրութում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները պահանջեցին Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: Հանրահավաքի կազմակերպիչներն էին  Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, այնուհետեւ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլք: Նրանք Արցախի «Ղարաբաղ» կոմիտեի հիմքն էին:

Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 18-ին էր, հանրահավաքները տեւեցին մինչեւ մարտի 2-ը: 1987-ին արդեն Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում համընդհանուր ստորագրահավաք էր սկսվել՝  Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու պահանջով: Դեկտեմբերի 1-ին, ղարաբաղցի հայերի պատվիրակությունը, 75-80 հազար ստորագրությամբ նամակներն ու պահանջները փոխանցեց Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ ընդունարան: 1988-ի հունվարին Մոսկվա մեկնեց ղարաբաղցի հայերի երկրորդ պատվիրակությունը, որն այս անգամ նոր դիմումի հետ ԽՄԿԿ ԿԿ-ին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության ու մշակույթի վերաբերյալ 84 փաստաթուղթ:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի ԳԽ-ին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի ԳԽ-ին՝ կազմում ընդգրկելու համար, նաեւ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով: Խնդրանքը հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Այս իրադարձություններին զուգորդվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները: Ադրբեջանի քաղաքների և գյուղերի մոտ 450 հազար հայ բնակիչներ փախստականներ դարձան:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության 99,89 տոկոսն արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը:

Ադրբեջանը պատերազմ սկսեց 1991-ի աշնանը, որը շարունակվեց մինչև 1994-ի մայիսը: 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին: 1992-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Արցախյան շարժման 34-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտը տոնական չէր: Վերածննդի հրապարակը՝ ի տարբերություն 34 տարի առաջվա, այսօր դատարկ էր: Սովորաբար այսօր Վերածննդի հրապարակում տոնական միջոցառումներ էին լինում, դրանց մասնակցում էին նաեւ Հայաստանից ժամանած պետական այրերը, Արցախի եւ Հայաստանի նախկին ղեկավարները, աշխարհի տարբեր  երկրներից հայեր: Այդ միջոցառումներն արդեն չորս տարի է՝ չեն լինում:

Իսկ հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, «տոնական լռությունն» առավել ակներեւ է ու ճնշող: Ստեփանակերտում այսօր միայն պաշտոնական արարողություն եղավ. երկրի ղեկավարները ծաղիկներ դրեցին արցախյան պատերազմում հավերժացած արցախցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, խոնարհվեցին հանուն հայկական պետությունների կյանքը զոհածների հիշատակի առջեւ: Նրանց միացան նաեւ Հայաստանից ժամանած մտավորականները՝ Հրանտ Բագրատյանի եւ Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Հայաստանից այսօր էլ Ստեփանակերտում պաշտոնական այրեր չկային:

Ստեփանակերտում 44-օրյա պատերազմից հետո նաեւ տրամադրություններն են հակասական՝  ի տարբերություն 34 տարի առաջվա:

Վլադիմիր Մկրտչյանը 34 տարի առաջ դեռ ծնված չէր, ծնողներից է լսել Շարժման, պայքարի ու այդ օրերի իրապատումների մասին: 34 տարի անց ինչպիսի՞ք են զգացողությունները, մանավանդ 44-օրյա պատերազմի ծանր հարվածից հետո, թե որքանո՞վ են երիտասարդները կարեւորում Շարժումը, Շարժման գաղափարները` Aravot.am-ի հարցերին պատասխանում է, որ զգացողությունները շատ ծանր են, քանի որ 44-օրյա պատերազմում կորցրել ենք 34 տարի առաջ սկիզբ առած պայքարի արդյունքում ձեռք բերածի գրեթե 80 տոկոսը:

Մեր զրուցակիցը նաեւ վստահեցնում է, որ երիտասարդությունն ընկճված չէ, պատրաստ է պայքարին, որը դեռ չի ավարտվել եւ լավ հրամանատարի առկայության պարագայում, վստահ է, արդյունքները չեն ուշանալու: Ինչպես 1988-ին, այնպես էլ այժմ, մեր զրուցակիցը կարծում է՝ գործընթացները պետք է Արցախից սկսեն եւ միավորեն համայն հայությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«1988-ի փետրվարը մեզ համար եղել եւ մնում է մեծ խորհրդանիշ: Այսօր մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք 88-ի ոգին, ազգի միասնականության գաղափարը եւ այն անկոտրում կամքը, որն ունեցել ենք 1988-ի փետրվարին»,- ԱՀ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Բաղունցն է ասում:

Վերածննդի հրապարակի դատարկ լինելու մասին մեր դիտարկմանն էլ արձագանքում է՝ դա ազդակ է, որ մեծ անելիք ունենք՝ աշխարհին ցույց տալու համար, որ 88-ի ոգին մեր մեջ պահպանվել է՝ անկախ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, եւ պատրաստակամ ենք՝ կյանքի գնով վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունն ու ապացուցել աշխարհին, որ հայ ազգն իրավունք ունի իր պատմական հայրենիքում կառուցել իր պետությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28