Լրահոս
Օրվա լրահոսը

«2023-ին կարող է զբոսաշրջային բում լինել ամբողջ աշխարհում». Կատար Թասլակյան

Փետրվար 20,2022 22:26

«Հետպատերազմյան և քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ» թեմայով համաժողով, «Արի՜ գնանք Երևան» անվճար քաղաքային տուր քաղաքացիների համար. «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» Զբոսավարների միջազգային օրվան ընդառաջ նվեր էր մատուցել բնակիչներին:

Քաղաքային տուրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության աջակցությամբ: 200-ից ավելի քաղաքացիներ պրոֆեսիոնալ զբոսավարների աջակցությամբ հնարավորություն ստացան ծանոթանալ Երևան քաղաքի պատմությանը, հուշարձաններին, մշակութային և պատմական շինություններին:

Aravot.am-ի հետ զրույցում «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» վարչության անդամ Կատար Թասլակյանը հայտնեց՝ «Հետպատերազմյան և քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ» թեմայով համաժողովը բաց է եղել բոլոր զբոսավարների, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների՝ տուրօպերատորների, տրանսպորտի ընկերությունների ներկայացուցիչների համար: Համաժողովի ընթացքում ներկայացվեց վիճակագրություն, վերլուծություններ հետպատերազմյան և քովիդյան  միտումների մասին, թե ինչպես պետք է փոխվեն, որ դաշտում դիմակայեն:

Համաժողովի ընթացքում նաև հարցերի միջոցով ներկայացվեցին վերափոխման մասին ուղիներ, կանխատեսումներ: Մեր հարցին՝ համաժողովի արդյունքներն ի՞նչ են վկայում՝ ո՞րն է հետքովիդյան և հետպատերազմյան շրջանում գլխավոր մարտահրավերը, ու ի՞նչ լուծման ուղիներ են մատնանշվում, Կատար Թասլակյանը պատասխանեց. «Մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների. եթե չենք ադապտացվում, պատրաստ չենք փոփոխությունների, ապա մենք չենք կարող ինտեգրվել ու շարունակել տուրիզմի ոլորտում գործունեությունը, քանի որ այդ ոլորտը հիմա փոփոխությունների է ենթարկվում»:

Խոսելով փոփոխությունների և նոր միտումների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Տարիքային շեմն է փոխվում և ծավալները. մեծաքանակ տուրիզմից, մեծաքանակ խմբերից ու 60+ տարիքից տուրիզմը դեպի երիտասարդացում է գնում: Արդեն 50- տարիքն է ու ավելի փոքր խմբեր, որոնց այցերն ավելի երկար կարող են լինել: Պետք է մտածել, վերափոխել ծրագրերն ավելի ժամանցային և արկածային, գիտական իմաստով, որպեսզի շուկան դիրքավորվի այդ տարիքային խմբին հետաքրքրող ծրագրերով»:

Մեր փաստմանը՝ զբոսաշրջության ոլորտը քովիդի և պատերազմի պատճառով շատ վնասներ կրեց, դրանք փոքր-ինչ հաղթահարվե՞լ են, թե՞ վնասները դեռ շարունակում են մեծ մնալ, Կատար Թասլակյանը պատասխանեց. «Վնասները շատ մեծ են, բայց ամեն դեպքում նախանշվում է, կանխատեսվում, որ 2023-ին կարող է զբոսաշրջային բում լինել, զբոսաշրջային մեծ աճ է կանխատեսվում ամբողջ աշխարհում: Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք, ավելի պատասխանատու, որ այդ հոսքերը ճիշտ օգտագործենք»:

Մեր զրուցակիցը փաստեց՝ ներքին տուրիզմը վերջին երկու տարում բավականին աճել է, քանի որ մարդիկ հնարավորություն չունեին ճամփորդելու և երկրի ներսում էին ճամփորդում: Հարցրին՝ քովիդի պատճառով շա՞տ զբոսաշրջային կազմակերպություններ են փակվել, զբոսավարներ փոխել ոլորտը, Կատար Թասլակյանը պատասխանեց. «Քովիդը շատ է ազդել ոլորտի վրա: Շատ զբոսավարներ ստիպված փոխեցին ոլորտը՝ գնացին ծրագրավորման ոլորտ, հավանաբար իրենցից շատերն այլևս չեն վերադառնա ոլորտ: Շատ տուրիստական ընկերություններ չդիմացան դժվարություններին, փակվեցին: Բայց մեր այսօրվա համաժողովի շրջանակում մենք ամեն դեպքում փորձեցինք մնալ դրական ալիքի վրա, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ մարդիկ նվիրված են երկրին, տուրիզմին: Ուզում ենք դրական երանգ դնել, որ դրական զարգացումներ ու միտումներ կան և փորձենք միասին հաղթահարել դժվարությունները, քանի որ միջոցառման կարգախոսն էր՝ միասին հաղթահարելով մարտահրավերները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28