Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը
Հայրենակիցնե՛ր
Ելնելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող և օրեցօր վատթարացող տագնապալի իրավիճակից, որը կարող է լայնածավալ պատերազմի վերածվել Եվրոպայում և որը անմիջականորեն կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ վայր դնել եւ դադարեցնել նախագահությունը ՀԱՊԿ-ում, որպեսզի մեր երկիրը ոչ մի դեպքում չներքաշվի Ուկրաինայի դեմ որեւէ գործողությունների` ՀԱՊԿ կազմում կամ ցանկացած այլ ձեւաչափով։
ՀՀ եւ Արցախի քաղաքական ճակատագիրը սերտորեն կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ՀՀ տնտեսական զարգացումը հիմնվում է ԵՄ հետ ինտեգրացման համաձայնագրի վրա, ՀՀ պաշտպանվածությունը մեծապես կախված է ԱՄՆ հետ պատմական եւ ներկայումս էլ հատուկ բարեկամական հարաբերություններից: Նման պայմաններում, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվեց Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական հակադրության, ՀՀ համար անթույլատրելի է հայտնվել մեր քաղաքակրթական դաշնակիցների՝ ԱՄՆ եւ ԵՄ դեմ գործող ռազմական կառույցում։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին եւ անհատ գործիչներին, իշխանությանը եւ ընդդիմությանը, երկրի քաղաքացիական հասարակությանը հանդես բերել այս պահին մեծագույն պատասխանատվություն եւ թույլ չտալ հայոց պետականության եւ ազգային շահերի համար, Արցախի համար կործանարար հետեւանքներ ունեցող որեւէ սխալ քայլ, որոշում ու գործողություն։
Սույն կոչը բաց է միանալու եւ ստորագրելու համար։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ