«Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում ընթանում է «Երիտասարդական գրականագիտական մրցույթի» համար հայտագրված մասնակիցների մեկօրյա դասընթացը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, գրականագետ Կարեն Մանուչարյանը մասնակիցներին ծանոթացնում է գրականագիտական հոդված գրելու ընդհանուր սկզբունքներին` ակադեմիսկան գրագիտությանը, գրականագիտական մեթոդներին, գրականագիտական հոդվածի կառուցվածքին։
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մանուչարյանը նշել է, որ հայտագրված մասնակիցների համար դասընթաց է վարել նաև Վանաձորում` տեղի և մոտակա բնակավայրերի մասնակիցների համար։
Կարդացեք նաև
Օրակարգով նախատեսված է Հրաչ Բեգլարյանի «Փոշտի թանաքաման» պատմվածքի և Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա» վեպի վերլուծությունը։
Նշենք, որ «Երիտասարդական գրականագիտական մրցույթը» հայատարարել են Եվրասիա համագործակցության հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը։
«Գրական կայարան» հասարակական կազմակերպության նախագահ, արձակագիր Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։
Սուսաննա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ մրցույթը նախատեսվում է ամփոփել սույն թվականի ապրիլ ամսին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկերները` հեղինակի