Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախից հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի մտադրությանը պաշտոնական Երեւանի արձագանքը բավարար չէ․ «Առերեսում»

Փետրվար 19,2022 23:44

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հայտարարել․ «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերի հնչեցրած մտահոգություններից, որոնք վերաբերում էին ինչպես Ադրբեջանի գործություններին, այնպես էլ միջազգային կառույցների արձագանքին՝ առանձնացնենք այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանի քայլերին։

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքի եկեղեցիներից հայկական արձանագրությունները ջնջելու նպատակով Բաքվում աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնությունը դատապարտեցին Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարությունները, նաև՝ Հայ առաքելական եկեղեցին։ Արդյոք պետական մակարդակով լուրջ եւ համարժեք արձագանք կա՞։

Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գնահատականով՝ «Այն, ինչ հանրային տեսնում ենք՝ բավական քիչ է; Բայց հասկանալի է նաեւ, որ շատ գործընթացներ կարող է եւ հանրային չեն»։ Այս առումով վերապահում անելով ԱԳՆ-ի համար՝ նախկին պատգամավորն ասաց․ «Կարծում եմ, որ գոնե խորհրդարանն այդ առումով շատ գործիքներ ունի, խորհրդարանական տարբեր վեհաժողովներում այս խնդիրը պետք է արծարծվի»։

Ավելի որոշակիացրեց՝ փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը․ «Եվ ես շատ ցավում եմ, որ մենք այնտեղ չունենք հրատապ հայտարարության նախաձեռնություն։ Իսկ այդ գործիքն առկա է։ Անգամ եթե այդ հայտարարությունն ընդունելու հավանականությունը քիչ լիներ՝ միեւնույն է, պետք էր օրակարգ մտցնել»։

Գայանե Աբրահամյանը պատմեց․ «Նախկին գործընկերների հետ խոսելիս, երբ ասում եմ՝ գրե՞լ եք իրենց, անընդհատ տեղեկացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում՝ ասում են, դե գիտեն։ Ոչ, չգիտեն։ Ամեն օր պետք է տեղյակ պահել։ Այնպես չէ, որ Եվրոպական խորհրդարանում նստած պատգամավորներն ամեն օր հետեւում են Հայաստանի լուրերին կամ հետեւում են, թե Ալիեւն ինչ խեղաթյուրումներ է անում ամենօրյա կտրվածքով»։

Հրանուշ Խառատյան

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը հարցին, թե իր գնահատականով՝ բավարա՞ր են այդ ջանքերը, տեսնո՞ւմ է արդյոք, որ գործածվում են միջազգային բոլոր այն հարթակները, որտեղ Հայաստանը ձայն ունի՝ պատասխանեց․ «Ոչ, ես համարում եմ, որ բավարար չի։ Ես կարծում եմ, որ այս պահին առնվազն ԱԳՆ–ն, իսկ լավ կլինի՝ նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը թեկուզ ժամանակավոր ունենան մասնագետ–փորձագետներ, որոնք ամենօրյա ռեժիմով պետք է հետեւեն գործընթացին․․․ Դիվանագիտական արձագանքը պետք է լցված լինի ճիշտ, տարողունակ, գիտական եւ փաստարկված նյութով»։

Գայանե Աբրահամյանը մեկ այլ քայլ էլ հուշեց․«Մենք ունենք նաեւ մեկ այլ հնարավորություն, որը կրկին ԱԳՆ–ի տիրույթում է․ դա ՄԱԿ–ի մշակութային հարցերով հատուկ զեկուցողի այցելությունն է»։

Հրանուշ Խառատյանը շեշտեց․ «Մենք պետք է ծրագիր ունենանք։ Անընդհատ հակադարձելով չէ՝ մենք չենք կարող իրենց (ադրբեջանցիների․–խմբ․) տրամաբանությամբ աշխատել»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28