ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ըստ ընդունված կարգի, երեկ հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին՝ այդպիսով սկսելով իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանում:
Նոր դեսպանը իր գործունեության մեկնարկը նշանավորել է դեսպանությունում ՀՀ զինված ուժերի 30 ամյակին նվիրված ընդունելության կազմակերպմամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
ՀՀ զինված ուժերի նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 7-րդ ՀՀ դեսպանն է Ռուսաստանում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1993 թվականին հաստատված դիվանագիտական հարաբերությունների մեկնարկից ի վեր:
Կարդացեք նաև
Նա փոխարինում է 2017 թվականին այդ ծառայությանը գործուղված Վարդան Տողանյանին:
Դեսպան Տողանյանի դիվանագիտական առաքելությունը ավարտվեց այս տարվա հունվարի 21-ին: Նա կադրային դիվանագետ է, 1992 թվից ի վեր երկար տարիներ աշխատել է համակարգում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ծառայելով որպես առաջին, ապա երկրորդ քարտուղար, այնուհետ՝ խորհրդական:
Ռուսաստանը պատշաճ հարգանքով հրաժեշտ տվեց Հայաստանի դեսպանին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրելով նրան շքանշանով՝ երկու երկրների բարեկամական փոխհարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար: Վ. Տողանյանը առաջին ՀՀ դիվանագետն է, որ արժանանում է նման բարձր պարգևի:
Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված է 150-ից ավելի օտարերկրյա դիվանագիտական առաքելություն: Ռուսաստանը 300-ամյա դիվանագիտական հարուստ և աներեր ավանդույթներ ունեցող երկիր է, որը համաշխարհային քաղաքականությանը տվել է դիվանագիտական մտքի փայլուն ներկայացուցիչներ: Պետական գերատեսչությունների հետ աշխատանքը Ռուսաստանում չափազանց պատասխանատու և բարդ գործ է, քանզի ենթադրում է տեղում ամրագրված կանոնների հստակ ընկալում ու պարտավորությունների անշեղ իրագործում:
Երկխոսել ռուսական դիվանագիտության հետ կարող են միայն այն գործիչները, որոնք տիրապետում են ռուսաց պուշկինյան լեզվամտածողությանը, չեխովյան հոգեբանությանը և ունեն կամք ու մտքի ճկունություն, ինչը հատուկ էր նշանավոր ռուս դիվանագետ, պարոն «ՈՉ» Անդրեյ Գրոմիկոյին, որի թողած ժառանգությունը կամերտոն է ծառայում այսօրվա ռուսական դիվանագիտության համար:
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է և աշխարհաքաղաքական ենթատեքստում ամենակարևոր հարևաններից մեկը, այլ նաև երկիր է, որտեղ պաշտոնական տվյալներով ապրում է 2,5 միլիոն հայազգի հայրենակից: Ռուսահայ համայնքը՝ թե Ռուսաստանի, և թե Հայաստանի համար ազդեցիկ ներուժ ունեցող գործոնից զատ, նաև բարդ ի մի բերվող սուբստանցիա է՝ սոցիալ-քաղաքական շերտավորման արդյունքում: Եվ դա բնական է: Ասվածն ապացուցելու եկան նաև անցնող չորս տարիները, որոնք առանց չափազանցնելու, ամենաբարդն էին թե ռուսահայ համայնքի կյանքում, և թե ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատանքում: Սակայն, ի պատիվ համայնքային կառույցների, ռուսահայ թեմի և դեսպանության համատեղ ջանքերի, այնուամենայնիվ, հաղթահարվեցին քաղաքական վայրիվերումներից, այնուհետ համաճարակի և պատերազմի արդյունքում թափ հավաքած ցնցումները:
Կից տեսանյութում ամփոփ ներկայացված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության վերջին չորս տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ