Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գրող Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ» արձակ երկերի գրքի շնորհանդեսը: Հայկն առաջին անգամ ընթերցողներին ներկայացել է «Ադամամութ» բանաստեղծությունների ժողովածուով:
Հայկ Սիրունյանի արձակ ստեղծագործությունների հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են՝ իրենց ապրումներով, խոհերով, երազներով ու հուշերով: Հարկ է նշել, որ այս ամենից հեղինակը մի մեծ տարածություն է թողնում ընթերցողի համար՝ իրենցը գտնելու, խորհելու և կյանքին նոր հայացքով նայելու համար:
«Չոր ապրիլ» գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Լինում է, չի լինում» և «Գնա՛, ետ մի՛ նայիր»: Գրքի խմբագիրը գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանն է: Վերջինս վստահեցնում է՝ այս գիրքն, իսկապես, բացահայտում է Հայկ Սիրունյան արձակագրին:
Կարդացեք նաև
«Հայկ Սիրունյանն իր կենսագրապատումն է ստեղծում՝ բանաստեղծական պատկերային անցումներով հագեցած իր պատումներով: Անշուշտ, կարելի է նման արձակը ձևակերպել «բանաստեղծական արձակ» կամ «պոետական պատում» հասկացություններով»,- «Հոգևոր կենսագրություն» վերնագրով առաջաբանում նշել է Արմեն Ավանեսյանը:
Երիտասարդ գրականագետ Գևորգ Գյուլումյանն իր ելույթում ընդգծեց, որ բծախնդրորեն է մոտենում ժամանակակից գրականությանը: Գրականագետը նշեց, որ երկար կարելի է խոսել երիտասարդ հեղինակի ստեղծագործությունների մասին, որոնք իրենցով ապացուցում են, թե ինչքան արդիական ու կարևոր են:
Շնորհանդեսի վերջում երիտասարդ գրողը ասաց, որ գիրքը չպետք է մարդուն ամեն ինչ ասի, այլ պետք է նրա առաջ հարցեր և խնդիրներ դնի, ինչպես նաև լինի տպավորիչ:
Նշենք, որ Հայկ Սիրունյանը հայ նշանավոր բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի որդին է:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի