Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ «Դա նենգ եւ թիկունքից հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը»

Փետրվար 19,2022 19:42

«Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն, կարեւոր օրինագիծ է եւ սա նախ հրամայական է, մի երկիր, որը հարեւան երկրի ագրեսիայի հետեւանքով կորցրել է իր տարածքների 80%-ը, պարտավոր էր ունենալ այդպիսի օրենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն ինչ-որ տեղ ի մի է բերում մեր անցյալը, գնահատում ներկան եւ ինչ-որ տեղ նաեւ կանխորոշում ապագան․ «Այն ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական, ե՛ւ մարդասիրական, ե՛ւ իրավական կարեւոր նշանակություն»։

Թե հետագայում այն ինչ ազդեցություն կունենա, Բաբայանն ասաց՝ ամենակարեւորը՝ երբեք չենք համարելու Շուշին ոչ հայկական․ «Իհարկե, ամեն ինչ կախված է մեզանից։ Եթե ճիշտ քաղաքականություն վարենք, ուժեղացնենք մեր պետականությունը, ուղղությունները ճիշտ ընտրենք, ապա ամեն ինչ լինելու է նորմալ»։

Թե ինչ կարծիք ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված Շուշիի հռչակագրի  վերաբերյալ «Հայաստան» խմբակցության՝ նախաձեռնության մասին, որով առաջարկվում է դատապարտել այդ հռչակագիրը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ուզում միջամտել ՀՀ ներքին քաղաքականությանը, որովհետեւ համոզված եմ, որ Արցախը պետք է լինի արժեք բոլորի համար։ Դժբախտաբար, կան մարդիկ, ուժեր, որոնք այդպիսի մի բանի են սպասում, որ սկսեն քարկոծել Արցախը։ Մենք դա թույլ չենք տա։ Բայց կարող եմ ասել՝ Շուշիի հռչակագիրը շատ վտանգավոր փաստաթուղթ է, այն տեսլականն է Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների, նրանք հանդես են գալիս որպես մեկ աշխարհաքաղաքական միավոր, որի գործելաոճը ծավալապաշտական է եւ վտանգ է ներկայացնում ոչ միան մեզ, այլեւ շատ այլ երկրների համար, առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհի։ Եթե նույնիսկ չկան պաշտոնական հայտարարություններ, ըմբռնում է պետք, որպեսզի համապատասխան քայլերով մենք հետագայում հասկանանք, թե ինչ է կատարվում»։

Հարցին՝ արդյոք Արցախը ՀՀ-ի հետ քննարկում կամ համագործակցո՞ւմ է Արցախի հարցի վերաբերյալ խնդիրներն ու հիմնահարցը, Բաբայանն ասաց՝ կա համագործակցություն․ «Բայց մեր նպատակն է, որ այդ համագործակցությունը դնենք ինստիտուցիոնալ մակարդակի վրա, որ կախված չլինի անձերից»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության մասին էլ Դավիթ Բաբայանն ասաց՝ Արցախի իշխանությունը դեմ չէ, բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան նույնպես նախապայմաններով է հանդես գալիս․ «Թուրքիան երբեք չի թաքցնում իր մոտեցումը, ասում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Եթե հրաժարվենք, ապա հրաժարվում ենք հայոց պետականությունից։ Սա լոկ ժամանակի խնդիր է լինելու։ Իսկ երկխոսելուն դեմ չենք, թող քննարկեն։ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ուղղված եղել են տարբեր քայլեր, բոլոր նախագահների ժամանակ, բայց կարծում եմ՝ ուշ, թե շուտ, Թուրքիան գործընթացը բերելու է փակուղի»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կարճ ժամկետում ձերբակալելու Ադրբեջանի դատախազության հայտարարության մասին էլ Բաբայանն ասաց՝ դա պետական մակարդակով ահաբեկչություն է, սա սպառնալիք է Արցախի նախագահի նկատմամբ՝ որպես ինստիտուտի եւ անձի․ «Սա սպառնալիք է յուրաքանչյուրիս, փորձում են վախ սերմանել Արցախի հասարակության մեջ, որպեսզի մարդիկ մտածեն՝ եթե նախագահն է վտանգված, հետեւաբար Արցախի յուրաքանչյուր քաղաքացին է վտանգված ու լքեն Արցախը, եւ որպեսզի այն ուժերն ու երկրները, որոնք ուզում էին օգնել Արցախին, զերծ մնան։ Եւ վերջապես, դա նենգ եւ թիկունքից հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28