«Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկման ժամանակ, որտեղ ներկայացվեց «Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում» ուսումնասիրությունը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ելույթում ասաց, որ այսպիսի հետազոտությունները կարեւոր են, որպեսզի տարբեր լեզուներով թարգմանվեն, եւ այն հնարավորություն կտա օգտագործել արտաքին քաղաքականության մեջ։
Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանում, իսկապես, հայատյացությունը պետական գաղափարախոսություն է․ «Այն կրում է սուբյկետի՞վ բնույթ, թե՞ օբյեկտիվ։ Խնդիրը բարդանում է նրանով, որ հայատյացությունը կրում է օբյեկտիվ բնույթ, եւ մենք պետք սա հաշվի առնենք։ Խնդիրը ժողովրդի մեջ չէ, հայոց քաղաքակրթությունը չպետք է հիմնվի ատելության վրա։ Մենք գտնվում ենք շատ ծանր վիճակում, հակամարտության բնօրրանում ենք, բայց մենք ատելությամբ լցված չենք Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Ատելությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։ Ադրբեջանում պետականորեն տարվող հայատյացությունն օբյեկտիվ իրականություն է, որովհետեւ այդ ժողովուրդը դեռեւս գտնվում է կազմավորման գործընթացում, չի ավարտվել բնական ձեւով ադրբեջանական ժողովրդի ձեւավորման գործընթացը։ Սա չի նշանակում, որ իրենք 2-րդ «սորտի» են, մենք՝ առաջին»։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում կան ազգային փոքրամասնություններ, առնվազ երեք փոքրամասնություն չեն ձուլվել, եւ այդ փոքրամասնությունները այդ երկրի բնակչության 49% -ն է․«Այս փոքրամասնություններն ապրում են կոմպակտ ձեւով։ Սա նշանակում է, որ անջատողականության համար կան բոլոր հիմքերը։ Առնվազն երեք ժողովուրդ պահպանել են իրենց ազգային նկարագիրն ու ինքնությունը եւ անընդհատ ձգտում են թոթափել ադրբեջանական ազդեցությունը․ թալիշները մոտ 800 հազար են, որոնք երկու անգամ պետականություն են հռչակել, լեզգիները` 350 հազար, ավարցիները՝ 150 հազար։ Խնդիրը բարդանում է, որ այդ ժողովուրդների մյուս հատվածները իրենց սահմանակից երկրներում են ապրում՝ Իրան, Դաղստանում։ Ձեզ դրեք Ադրբեջանի տեղը, ի՞նչ պիտի անեն։ Բնական է, որ իրենք Արցախի մեջ տեսնում են ամենամեծ վտանգը։ Ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն իրենց պետականությունը։ Բարդ է իրավիճակը։ Մենք գործ ունենք շատ կազմակերպված, շատ մեծ աշխարհաքաղաքական պայքարի փորձ ունեցող հակառակորդի եւ թշնամու հետ։ Պետք աչալուրջ լինենք»։
Ըստ Դավիթ Բաբայանի, պայքարը ե՛ւ տեղեկատվական դաշտում է, ե՛ւ գիտահետազոտական, ե՛ւ քաղաքական ե՛ւ աշխարհաքաղաքական դաշտում․ «Մենք առաջին հերթին պետք է լինենք միասնական։ Արցախը պետք լինի գերագույն արժեքներից մեկը հայ ժողովրդի համար։ Եթե դա չլինի՝ շատ վատ է լինելու։ Այստեղ հատուկ կարեւորություն ունի Արցախի դիրքորոշումը։ Դրա համար մենք զերծ ենք մնում ցանկացած ներքաղաքական զարգացումներից ՀՀ-ում, որովհետեւ կա մի զանգված, դժբախտաբար, որը սպասում է, որ Արցախը մի կարծիք արտահայտի եւ այն օգտագործեն ներքաղաքական կյանքում եւ դրանով հարվածեն Արցախին։ Նման բան թույլ չենք տալու։ Հետեւաբար, այդ նուրբ գծերը պահելու ենք։ Սա չի նշանակում, որ Արցախն իր տեսակետը չունի։ Մենք ուշի ուշով հետեւում ենք ցանկացած զարգացումներին, եւ հետեւություններ ենք անում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ