Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

6-րդ դասարանի ադրբեջաներեն դասագրքում «հայերը դաժանաբար սպանում են մանկահասակ երեխայի»․ Ադրբեջանում երեխաների շրջանում վրեժխնդրություն է սերմանվում

Փետրվար 19,2022 17:18

«Գողությունն անմարդկային եւ ոչ պատվաբեր արարք է, սակայն հայերի գողությունը սովորական գողություն չէ։ Այն յուրահատուկ է, ամենամեծ գողությունն էլ թուրքերից արվածն է։ Հայերը գողացել են մեր անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, եւ որ ամենակարեւորն է՝ մեր հողերը։ Գողացել են ոչ թե միանգամից, այլ՝ աստիճանաբար, պատմության ընթացքում, աննկատ ու արտասովոր ճանապարհով։ Հետո էլ անամոթաբար, անխղճաբար չեն ճանաչում դրանք որպես մերը»․ սա հատված է ադրբեջանական «Գողը» պատմվածքից, որը տեղ է գտել Ադրբեջանի 5-րդ դասարանի երեխաների դասագրքերում։

Այսօր «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկման ժամանակ կովկասագետ, քաղաքագետ Աշոտ Ծատրյանը ներկայացրեց «Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանի դպրոցահասակ երեխաների շրջանում» ուսումնասիրությունը, որում դիտարկվել են Ադրբեջանի 3-9-րդ դասարանի դասագրքերում ադրբեջաներեն եւ գրականություն առարկաների միջոցով մատուցվող այն ստեղծագործությունները, որոնք վերաբերում են հայի բացասական կերպարի կերտմանը։ Այս դասագրքերով, ըստ Ծատրյանի, հորինված պատմություններ են, որոնց միջոցով դպրոցահասակ ադրբեջանցիների մեջ խորքային ատելություն, վրեժխնդրություն են սերմանում հայերի նկատմամբ։

6-րդ դասարանի դասագրքերում, ինչպես ներկայացրեց Ծատրյանը, ստեղծվում եւ զարգանում է հայի մարդասպան կերպարը։ «Արյունոտ մանուշակը» պատմվածքում ներկայացվում է ատելությունը հայ երեխաների նկատմամբ, եւ այս հորինված պատմվածքում պատկերված է, թե ինչպես են հայերը դաժանաբար սպանել ադրբեջանցի մանկահասակ աղջնակի։ Ըստ այս ուսումնասիրության հեղինակների, ցեղասպան հայի կերպարն էլ ներկայացված է 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած «Վերջին փամփուշտը» պատմվածքում, որտեղ պատկերում են ադրբեջանական քաղաքում խաղաղ բնակչության կոտորածները հայերի կողմից, եւ իրենց փոքրաթիվ զորքի պայքարը, որով փորձում են պաշտպանել իրենց խաղաղ բնակիչներին։

9-րդ դասարանի դասագրքերում տեղ է գտել «Վրեժ» պատմվածքը, որտեղ, ըստ Ծատրյանի, զարգացնում են ցեղասպան հայի կերպարը, զարգացնում վրեժխնդրությունն ու իրենց կողմից հայ էթնոսի ոչնչացման քարոզ իրականացնում։

«Բազմից է խոսվել խաղաղության դարաշրջանի մասին։ Սակայն, այսպիսի դասագրքերով կրթված ժողովուրդն օբյեկտիվորեն պատրաստ չէ իրական խաղաղությանը», – ասաց Աշոտ Ծատրյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28