Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Սուրեն Սարգսյանի հեղինակած «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսն էր այսօր։ Սա Սարգսյանի առաջին գիրքն է, արդեն երկրորդի վրա է աշխատում։
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, ինչպես հեղինակն է նշել, գրել է աշխատելով ԱՄՆ տարբեր արխիվներում՝ գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հետ, այս գրքում չհրապարակված տեղեկություններ կան «Գոբլի պլանի», «907-րդ բանաձեւի», Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ մնաց նաեւ անձամբ Բուշի ճնշման արդյունքում:
Սուրեն Սարգսյանն առանձնացրեց «907 բանաձեւը», նշեց՝ կարծես դրա մասին բոլորը գիտեն, բոլորի մոտ կա կարծիք, թե դրա հեղինակը սենատոր Ջոն Քերին էր․ «Պարզվում է, իրականում դրա շողքը, տակից աշխատող ուժը եղել է մեկ այլ սենատոր՝ Ջո Բայդենը։ Նա եղել է այդ բանաձեւի հիմնական շարժիչ ուժը»։
Ցուցադրվեցին նաեւ ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերից որոշ հատվածներ, որոնք Սուրեն Սարգսյանը հայտնաբերել է ԱՄՆ արխիվներում աշխատելու ժամանակ։
Կարդացեք նաև
Ուշագրավ էր Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի (1989-1993) եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի (1989-1992) երկխոսությունից մի հատված։
Թուրգութ Օզալ. «Բոսնիա եւ Հերցոգովինայում հաստատված օրինակը շատ վտանգավոր է։ Մենք տեսնում ենք, որ նմանատիպ խնդիրներն առաջանում են նաեւ նախկին խորհրդային միությունում։ Ռուսաստանը տեսնում է, որ ես նպատակներ ունեմ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության 80%-ը հայ է, 20%-ը՝ ադրբեջանցի։ Նրանք կարող են փոխանակել տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանա Հայաստանի այն մասը, որն Ադրբեջանը բաժանում է երկու մասի։ Ստալինն է այստեղ սահմանները գծել, նա Ադրբեջանը բաժանել է, որ տա հայերին եւ դրանով կաշառի»։
Ջեյմս Բեյքեր․ «Ի՞նչ տեղի կունենա այն հայերի հետ, որոնք ապրում են երկրի հարավում, այն մասում, որը դուք ուզում եք տալ Ադրբեջանին»։
Թուգութ Օզալ․ «Ընդհանուր առմամբ առավելագույնը 50 հազար մարդ ստիպված կլինի տեղափոխվել, հակառակ պարագայում այս պատերազմը հավերժ կշարունակվի։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ Հայաստանն ունի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքը։ Այդպես վարվելու մեկ այլ պատճառ էլ կա՝ կենտրոնական Ասիայի հանրապետությունները Եվրոպայի հետ կապի կարիք ունեն։ Նոր ռուսները ցանկանում են լինել ցարական շրջանի ռուսների պես, որ բոլոր ճանապարհները տանեն Մոսկվա։ Ռուսաստանը կարող է սպառնալիք դառնալ միջինասիական նորանկախ երկրների համար։ Ռուսաստանը կարող է ցանկանալ դրանք վերադարձնել իր կազմ։ Հույս ունեմ՝ ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում չեք թողնի»։
Այս փաստաթուղթը գաղտնազերծված տասնյակ փաստաթղթերից մեկն էր, եւ այս նամակագրությունը Փոլ Գոբլի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ծրագրի մասին էր։
Սուրեն Սարգսյանի պատմելով․ «Գոբլը տխրահռչակ նախկին դիվանագետ է, որի հետ ես հարցազրույց արեցի։ Նա պատմեց դետալների մասին, թե ինչպես է այս ծրագիրը գրել, ինչպես է ներկայացրել ԱՄՆ ղեկավարությանը։ Այս հանդիպմանը ներկա էր ԱՄՆ նախագահ Բուշը եւ նա գիտեր այս ծրագրի մասին, որովհետեւ այն առաջարկել էր ՄԱՆ պետդեպը։ Բայց Բուշն իրեն դրել էր մի մարդու տեղ, որը տեղյակ չէ այս դետալներից, որպեսզի փորձի առավել մանրամասն հասկանալ, թե թուրքերն ինչ են առաջարկում։ Իսկ թուրքերն առաջարկում էին այն, ինչի մասին շատ է խոսվել՝ Ղարաբաղը տանք հայերին, Սյունիքը տանք Ադրբեջանին։ Այս ծրագիրը չիրականացվեց, բայց շատ լուրջ աշխատանք էր տարվում, մանավանդ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որպեսզի այս ծրագիրը կյանքի կոչվի։ Միակ փաստաթուղթն է արխիվից հանած, որը քննարկվել է Բուշի եւ Թուրքիա նախագահ Օզալի միջեւ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ