Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը շարունակում է պայքարել իր իրավունքների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 19,2022 11:52

34 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 20-ին, արտահայտելով երկրամասի բնակչության կամքը, ԼՂԻՄ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ հանձնելու եւ երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու վերաբերյալ:

Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից, «Կռունկի» անդամ Բորիս Առուշանյանի համոզմամբ, 1988-ի ազգային զարթոնքը պայմանավորված էր պատմական ու քաղաքական մի շարք իրողություններով: Եվ այդ համատեքստում, որպես առաջնահերթություն, նա ընդգծում է Կավբյուրոյի կամայական որոշումը, որի համաձայն Ստալինը, անտեսելով բնակչության կարծիքը, Արցախը կամայականորեն բռնակցեց Ադրբեջանին:

Բ. Առուշանյանը նշում է, որ ճակատագրական այդ բիրտ վճիռը տասնամյակներ շարունակ նվաստացրել է «դարավոր, պատմական իր հողի վրա ապրող հային» ու միաժամանակ մշտարթուն պահել ազատության պայքարի ոգին. «Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների բացարձակ թշնամական քաղաքականությունը, սեփական հողի վրա արմատ ձգած բնիկներին` եկվորի պիտակ կպցնելու, հայերին ցինիկաբար «աղվանների հետնորդներ» անվանելու, պատմությունը կեղծելու եւ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու փորձերը, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարող բացահայտ ձեռնարկումներն այլեւս համբերելու եւ լռելու տեղ չէին թողել»:

«Սումգայիթի դեպքերը մեզ հուշում էին ավելի համախմբված ու միասնական լինել մեր վճիռներում եւ հետեւողականորեն շարունակել պայքարը, բնականաբար, գիտակցելով այն ճշմարտությունը, որ առաջիկայում մեզ դեռ մեծ փորձություններ են սպասվում,- ասում է Բ. Առուշանյանը` հավելելով,- հետագայում չորս կողմից հայտնվելով շրջափակման մեջ ու պարբերաբար ենթարկվելով ադրբեջանցի զինյալների հարձակումներին՝ արցախահայությունը հասկացավ, որ բռնությունների օղակն օրեցօր ավելի է սեղմվում, եւ պատերազմն անխուսափելի  է»:

Պատմական որոշումից 34 տարի անց արցախցիները վերստին այն համոզմունքն ունեն, որ Արցախը երբեք չի կարող մնալ Ադրբեջանի կազմում եւ, 44-օրյա պատերազմից հետո շարունակելով իր հանցավոր քաղաքականությունը, Բաքուն ամեն կերպ ձգտում է բռնազավթած տարածքներում ջնջել հայկական հետքը, խեղաթյուրել պատմական իրողություններն ու հող պատրաստել բնիկ ժողովրդին Նախիջեւանի դաժան ճակատագրին հասցնելու համար:

Այդ են հուշում Հադրութում եւ Շուշիում թշնամու բռնազավթած բնակավայրերում պատմամշակութային հուշարձանների ավերման, վանքերն ու եկեղեցիները աղվանցիներին վերագրելու համառ փորձերը, որոնք, ցավոք, անարձագանք են մնում միջազգային կառույցների կողմից: Արցախի հայաթափման հրեշավոր ծրագիրն Ադրբեջանի եւ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հեռահար նպատակներից է մնում, ինչին կարող են հակազդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28