Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոչ միայն «պլան Բ»-ի կարիք ունի, այլև դա իրագործելու հնարավորությունների կուտակման. «Անալիտիկոն»

Փետրվար 19,2022 10:54

Հետպատերազմյան, առավել ևս՝ վերջին ամիսների իրադարձությունները Հայաստանը դուրս են բերում սովորական աշխարհաքաղաքական հունից, այսինքն՝ «հարմարավետության գոտուց», վերածվելով խորացող անորոշության գործոնների։ Եվ մեր անվտանգությանը, իրավունքներին, ազատություններին, կենսակերպին ու զարգացման հեռանկարներին վերաբերող «հավասարումներում» «հաստատունները» վերածվում են «փոփոխականների»։

Ռուսական ազդեցության դեգրադացիան և Հայաստանի ապագա մարտահրավերները

Եթե մի կողմ թողնենք ուժերի հարաբերակցության բոլոր հնարավոր վերլուծությունները, կողմերի մտադրությունների վճռականությունը և այլ գործոններ, ապա միայն ռուսական դիվանագիտության բառապաշարի անկումային դեգրադացիան և անցումը անպարկեշտ բառակույտի, բավարար են արձանագրելու ռուսական բոլոր փաստարկումների թուլությունն ու նրա «փափուկ ուժի» զրոյացումը։ Սրանով իսկ մնում է միայն բռնության, շանտաժի և մեր ազգային շահերին հակասող որոշումներ ընդունելուն հարկադրելու ներուժը։

Ռուսաստանի համար դա «մշակված սցենար» է, որը կարող է մեզ դնել ընտրության առջև՝ մեր քաղաքական էլիտայի «ավանդական» մտածելակերպը հանելով «հարմարավետության գոտուց»։ Հնարավոր է նաև ռուսական «փորձարկված սցենարը»՝ իբրև «գրոհային» օգտագործելով պուտինյանին չզիջող ալիևյան ավտորիտար ռեժիմը։ Հատկապես, երբ հայտարարվում է, թե ռուսական զորքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի երկար կմնան, քան նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ։

Հայաստանի խնդիրը ոչ թե հենց այդ ծառացածն է, այլ այն, որ նրա քաղաքական էլիտան դա խնդիր չի համարում՝ հույսը դնելով ռուսական «թերևս կանցնի» հոգեբանության վրա։ Այն դեպքում, երբ Հայաստանը ոչ միայն «պլան Բ»-ի կարիք ունի, այլև դա իրագործելու հնարավորությունների կուտակման։ Սա միանգամայն լուծելի խնդիր է՝ շնորհիվ ռազմական կազմակերպության իրական նորացման և ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և դրանց անշրջելիության կառուցվածքային երաշխիքների, բոլոր ուղղությունների քաղաքականությունների, այդ թվում՝ ռազմականի դիվերսիֆիկացման՝ անտեսելով Մոսկվայի ճիչերն ու տեղեկատվական պատերազմը, խնդրահարույց հարևանների հետ թեկուզ և նվազագույն մակարդակի կանխատեսելի և կանոնակարգված հարաբերությունների, և հայրենադարձության՝ առաջին հերթին Ռուսաստանի հայերի, որոնք վաղուց այնտեղ անելիք չունեն։

Թվում էր, թե 44-օրյա պատերազմից հետո էլ ի՞նչ կարող էր մեզ պարտադրել ճակատագիրը։ Սակայն փաստ չէ, որ դա մեր ամրության և քաղաքական հասունության վերջին փորձությունն էր։ Քանզի այսպիսի «ռազմավարական դաշնակիցը» և նրա «ազդեցության» մռայլ ստվերը արդեն իսկ զարգացման արգելակներ են և մեր ազգային անվտանգությանը ինքնակա սպառնալիքների գեներատոր բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն, արդարդատությունից մինչև կրթություն ու մշակույթ։

Ուկրաինայի սահմաններին ճգնաժամը, պարզվում է, նաև մեզ է վերաբերում։ Եվ ազատ Ուկրաինան ակամա պայքարում է նաև բոլոր հետխորհրդային ազգերի ազատության համար։ Իսկ Ռուսաստանը մեզ անպարկեշտ առաջարկություն կանի միայն այն ժամանակ, երբ նրան կկլանի։ Կկարողանա՞։ Ոչ։ Չկարողացավ 2014-ին, այսօր չի կարողանա առավել ևս։ Ուկրաինացիներն այսօր հաստատակամ են իրենց ազգային երազանքին ընդառաջ և միասնական են, ինչպես երբեք իրենց պատմության ընթացքում, և դա, անշուշտ, մեծացնում է նաև մեր հնարավորությունները։

Հետխորհրդային ավտորիտարիզմի ճգնաժամը, նրա վերաճումը վտանգավոր, ագրեսիվ, իսկ երբեմն նույնիսկ մարդատյաց դրսևորումների, տեղի է ունեցել ոչ հանկարծակի և ոչ երեկ-մյուս օրը։ Դա, ցավոք, դարձել է պատմական օրինաչափ գործընթաց, որի զոհը մի ամբողջ սերունդ է՝ հետխորհրդային համարյա բոլոր երկրներում, և Հայաստանում առաջին հերթին, քանզի նման իրավիճակում նրա աշխարհագրական առավելությունները ոչ միայն չիրացվեցին, այլև դարձան փակուղի և մի տեսակ «պատիժ», ինչը չես ասի այլ երկրների մասին։

Միևնույն ժամանակ և միևնույն չափով՝ դա հետևանք է հիմնականում վնասակար քաղաքական որոշումների, որոնք անկախության տարիներին ընդունել է երկրի քաղաքական ղեկավարությունը, նրա քաղաքական վերնախավը, որ գոնե միջնաժամկետ հեռանկարի համար բավարար խորաթափանցություն չդրսևորեց։ Եվ քաղաքական գործիչների այսօրվա սերնդին է տրված լուծելու հասունացած խնդիրները և ուղղելու սխալները։ Ոչ միայն իրենցը, որ արդեն հասցրել են անել, այլև նախկիններինը, որոնց հետևանքների համար այսօր ենք վճարում։ Եվ պետք է լուծել այսօր ամբողջովին, և ոչ թե թողնել ապագա սերունդներին, «լավ ժամանակներին», ինչպես եղել է մինչ հիմա։ Այդ «լավ ժամանակն» արդեն եկել է՝ անխուսափելի, բայց և «տհաճ»՝ մեր քաղաքական դասի նշանակալի ու մտավոր ծուլությամբ տառապող ներկայացուցիչների համար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28