Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու իր թիմը պատերազմից դասեր չեն քաղել, ու երկիրը նորից տանում են կապիտուլյացիայի տրորված արահետով․ «Փաստ»

Փետրվար 19,2022 10:30

«Շուշիի հռչակագրով» հիմքեր են ստեղծվում, որ եթե նորից պատերազմ սկսվի, ապա իրավական առումով Թուրքիան «լեգիտիմ» իրավունք է ստանում կռվել Ադրբեջանի կողմից։ Այս փաստաթղթի վավերացումը ՀՀ վարչապետի մակարդակով որևէ մեկնաբանության չի արժանացել, սակայն պարզ է, որ այն իր սուր ծայրով ուղղված է Հայաստանի ու Արցախի, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի դեմ։ Ու պատահական չէ, որ Թուրքիան մեծ թափով շարունակում է Ադրբեջանի վրա վերահսկողություն հաստատելու գործընթացը, որի արդյունքում էլ ադրբեջանցի պաշտոնյաները քայլեր ձեռնարկելուց առաջ սկսել են ավելի հաճախ Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ քննարկումներ ունենալ։ Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները մեծ արագությամբ մուտք են գործում Արցախից օկուպացված տարածքներ՝ փորձելով տարբեր նախաձեռնություններով հանդես գալ։

Եվ եթե խաղաղության ժամանակաշրջան է բացվելու, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը ձեռնամուխ լինում Արցախից օկուպացված տարածքներում նոր զորամասերի բացման ու Կոմանդո կոչվող հատուկ զորամիավորումների ձևավորմանը, որի մաս կազմող զինվորականներին թուրքերն ակտիվորեն մարզում են, իսկ թուրք-ադրբեջանական զորավարժությունների պարբերականությունը և ինտենսիվությունը շարունակվում են։ Միաժամանակ, Թուրքիան աշխատում է Ադրբեջանին զինելու և ադրբեջանական բանակում թուրքական մոդելը ներդնելու ուղղությամբ։ Պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ գործողությունների է պատրաստվում։ Նախ՝ նրանց առաջնային նպատակը Արցախ ներխուժելն է։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ Ադրբեջանում ինտենսիվորեն նախապատրաստական աշխատանքներ են սկսել, որ Արցախից օկուպացված տարածքներից իսպառ վերացնեն հայկական հետքը, մշակութային արժեքները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեն, մեղադրանք առաջադրեն ու պատժեն, ապա երեք տարի հետո ամբողջովին սողոսկեն խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ հաշվի առնելով նրանց մանդատի՝ 5 տարի նախատեսվող ժամկետը։

Բացառված չեն նաև նոր ռազմական սադրանքները Սյունիքի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմն ի՞նչ է անում նման զարգացումների սցենարին պատրաստ լինելու համար։ Բացի մի քանի ուղղաթիռից, այս ընթացքում որևէ նշանակալի սպառազինություն ձեռք չենք բերել, նոր զորամաս չենք բացել։ Անվտանգության համակարգը կարգի բերելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն նշմարվում։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները վատնում են թանկարժեք ժամանակը։ Կարճ ասած՝ Փաշինյանն ու իր թիմը պատերազմից դասեր չեն քաղել ու երկիրը նորից տանում են կապիտուլյացիայի տրորված արահետով։ Թեպետ… Գուցե այդպես է «պե՞տք»:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28