Արցախյան շարժման տարիներին արխիվների գրադարակներից հանվում էին փակի տակ դրված փաստաթղթեր, մեր պատմությանն ու հայրենիքին առնչվող պատմաբանների, օտարերկրացի դիվանագետների, պատմաբանների ուսումնասիրությունները: Որքան մոտենում է ապրիլը, որքան չեն դադարում թուրքական նորօրյա իշխանությունների մարտահրավերները, մեր հայրենիքին ուղղված նախապայմանները, չեմ կարողանում չհիշել 1989-ին հրապարակված մի գրքույկի մասին. «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի»: Այն թույլատրվել էր ՀՍՍՀ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
«Առաջին անգամ հրապարակվող փաստաթղթերի այս ամբողջությունը, ի թիվս այլ վավերագրերի, անհերքելիորեն վկայում է երիտթուրքական կուսակցական կենտկոմի ու կառավարության կողմից ծրագրված հայերի ցեղասպանության փաստը, որն այսօր փորձում են ժխտել թուրք պետական գործիչներն ու պատմաբանները»,-ասվում էր գրքի առաջաբանում: Ինչպես գրքի կազմողներն էին տեղեկացնում, նյութերը վերցված էին Կ.Պոլսում հրատարակվող «Թաքվիմ» -ի վեքայի» թուրքական պաշտոնաթերթից:
Գրքում թարգմանաբար ներկայացվել էին 1919թ. Կ.Պոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության փաստաթղթերը, որոնք առնչվում էին արեւմտահայերի զանգվածային տեղահանության եւ ջարդերի հետ: Քչերը ունեն այս գիրքը, այն տպագրվել էր մասնագիտական լսարանի համար:
Գրքում ներկայացվում է 1919թ. հունվարի 8-ը, երբ Կ.Պոլսում կազմվեց Առաջին, Երկրորդ, Երրորդ ռազմական արտակարգ ատյաններ:
Կարդացեք նաև
1919թ. մարտի 8-ին Սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի հատուկ հրամանով երիտթուրքական կուսակցական պարագլուխները ու մինիստրները հանձնվում են Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի քննությանը: Ներկայացնում ենք մի հատված:
Երիտթուրքական կառավարության ղեկավարների եւ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի դատավարությունը սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Կ.Պոլսում եւ ընդհատումներով տեւում է մինչեւ հունիսի 26-ը: Մայիս ամսին տեղի ունեցած 6 նիստերի ընթացքում հիմնականում հարցաքննության են ենթարկվում «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները, մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշան եւ մի քանի մինիստրներ:
Սակայն անբացատրելի պարագաներով մայիսի 28-ին անգլիական հրամանատարության կողմից 77 հոգի բանտից աքսորվում է Մալթա կղզի եւ ընդհատվում է դատաքննությունը: Հունիս ամսին մեղադրական նոր ապացույցների հիման վրա շարունակվում է դատաքննությունը: Հունիսյան դատաքննության 7 նիստերում լսվում են պետական պաշտոնական անձանց՝ փոստի եւ հեռագրական մինիստրի՝ Հյուսեյն Հաշիմ բեյի, սենատի նախագահ Ռիֆաթ բեյի, նաեւ երկրի հոգեւոր առաջնորդներ (շեյխ-ու-իսլամներ) Էսադ, Հայրի եւ Մուսա Քյազիմ Էֆենդիների դատաքննությունը: Դատավճիռը կայացվում է 1919թ. հուլիսի 5-ին:
Այս դատաքննությունների ընթացքում հեռակա կարգով մեղադրվում են 11, իսկ դատավարությանը ներկա 20 կուսակցական եւ պետական բարձրաստիճան գործիչներ (լուսանկարում անուններն են):
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին.
1.Թալեաթ փաշա -Ներքին գործերի մինիստր, մեծ վեզիր,
2.Էնվեր փաշա-ռազմական մինիստր,
3.Մեմալ փաշա-ծովային մինիստր,
4.Բեհաէդդին Շաքիր բեյ-երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ,
5.Դոկտ. Նազըմ բեյ-Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հանրակրթական մինիստր, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ,
6.Ջավիդ բեյ-ֆինանսների մինիստր,
7. Սուլեյման Էլբիստանի բեյ-հողագործության եւ առեւտրի մինիստր,
8.Մուսաֆա Շերիֆ բեյ-հողագործության եւ առեւտրի մինիստր,
9.Օսկան էֆենդի-փոստի եւ հեռագրատան մինիստր,
10.Դոկտ.Ռուզուհի էֆենդի-կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ,
11.Ազիզ էֆենդի-հասարական անվտանգության մինիստր, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ…
Ըստ դատաքննության կարգի, հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշան առաջին հերթին հաստատում է մեղադրյալների ինքնությունը, ինչպես նաեւ նրանց դատապաշտպանների հարցը: Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ ռազմական արտակարգ ատյաններում մեղադրյալների պաշտպանության համար օրենքը չի նախատեսում դատավարության համար դատապաշտպանների ներկայությունը: Դատական քարտուղար Շեֆիկ բեյը ընթերցում է մեղադրական եզրակացությունը: Միեւնույն ժամանակ քրեական օրենսգրքի 372 հոդվածի հիման վրա տրվում է գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմի հավանությունը բացականերին հեռակա կարգով դատելու մասին: Մուստաֆա Նազմը փաշան նկատի ունենալով նաեւ, թե դատասկզբում, թե ընթացքում դատապաշտպանների առարկություններն այն մասին, որ «մինիստրների եւ այլ պետական բարձր պաշտոնյաների հետ առնչվող դատական քննարկման են ենթակա ոչ թե ռազմական արտակարգ ատյանում, այլ գերագույն դատարանում», իր ելույթում նշում է, որ մեղադրական եզրակացության մեջ թվարկված հանցագործությունները կատարվել են ոչ թե կառավարության անունից, այլ կուսակցական կենտրոնական կոմիտեի ու նրա պլենումների որոշումներից ելնելով:
Առաջին եւ հաջորդ մեղադրական եզրակացությունում բերված փաստաթղթերը՝ ծածկագիր հեռագրերը, նամակները վկայում են, որ արեւմտահայության տեղահանությունը եւ կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառում չեն եղել, այլ եղել են կանխամտածված եւ իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգով ու գաղտնի հրամանններով:
Մեղադրական եզրակացություններում եւ դատական նիստերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է արեւմտահայության կոտորածի վրա:
Կովկասյան ճակատի երրորդ բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշան դատաքննությանը ներկայացրած իր վկայության մեջ այդ մասին հայտնում է, որ հայերի բնաջնջման եւ ունեցվածքի կողոպտման հարցը վճռվել է «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, որ երրորդ բանակի շրջակայքում արնախում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարողը Բեհաէդդին Շաքիր բեյն է:
Իսկ ներքին գործերի մինիստրության հատուկ գրասենյակի պետ Իհսան բեյը նույնպես վկայում է, որ երբ ինքը Քիլիսի կայմակամն էր, Ստամբուլից Հալեպ գործուղված Աբդուլլահադ Նուրի բեյը հայտարարել է. «Հայերի տեղահանման հիմնական նպատակը նրանց «ոչնչացումն» է, որ ինքը այդ հարցով կապի մեջ մտնելով Թալեաթ բեյի հետ, նրանից ուղղակի ստացել է կոտորելու հրաման, որ նա /Թալեաթը/ ձգտել է համոզել իրեն, որ դա է երկրի փրկությունը»:
Շարունակելի
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2022