Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անկախ դատական համակարգին այլընտրանք չկա

Փետրվար 19,2022 13:00

Գաղտնիք չէ, որ որեւէ երկրում ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, եթե այնտեղ անվարան չի գործում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների՝ իրարից անկախ համակարգը: ՀՀ սահմանադրության մեջ հստակ նշված է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուստի եկեք փոքրիկ շրջայցով համոզվենք, դա իրո՞ք այդպես է, թե՞ Հայաստանի պարագայում այն զուտ արհեստածին տերմին է: Կխոսենք միայն գործող դատական համակարգի մասին՝ հնարավոր վերլուծություններով պարզելու, թե մեր դատական համակարգը որքանով է անկախ:

Ինչպես գիտենք, նախկին իշխանության օրոք դատական համակարգում ստեղծվեց նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կառույց, որը գործում է նաեւ այսօր եւ անկեղծ ասած, ինձ համար մինչեւ այսօր էլ հասկանալի չէ, թե դրանով ինչ խնդիր էին ուզում լուծել նախկին իշխանությունները, իսկ ինչ խնդիր են ուզում լուծել ներկա իշխանությունները: Կարծում եմ՝ այսօր առկա դատական համակարգի մեխը հենց սա է եւ իմաստ ունի հենց սրա մասին խորը վերլուծություն անել: Չեմ ուզում դատական տարբեր ատյանների վերաբերյալ վերլուծություններ անել, քանզի այսպես թե այնպես, դրանց գործունեության կարգը օրենսդրությամբ որոշակիորեն կարգավորված է:

Ըստ իս, ԲԴԽ-ն արհեստածին կառույց է, որը ցանկացած ժամանակ անհարկի կարող է միջամտել դատական ատյանների եւ դատավորների աշխատանքին: Եթե որեւէ մեկը կարող է բերել գեթ մի օրինակ, երբ դատական համակարգի օղակները՝ մինչեւ Սահմանադրական դատարան, իրենց գործառույթներով ի վճակի չեն լուծել այդ իրավիճակը կարգավորելու խնդիրը, ապա լիարժեք իմաստավորված է ԲԴԽ-ի կամ մեկ այլ անունով դատական կառույցի անհրաժեշտությունը: Չեմ կարծում, մի քանի տասնյակ գործող համակարգ երբեւէ չի առնչվել նման իրավիճակի հետ եւ չի կարողացել լուծել դրա կարգավորման խնդիրը, այլապես տասնամյակներ առաջ էլ դատական համակարգի համար լուրջ հրամայական կլիներ նմանատիպ կառույցի ստեղծումը եւ այն վաղուց արդեն ստեղծված կլիներ:

Անկեղծ ասած, ես ԲԴԽ-ի մինչ այժմ կայացրած վճիռների վերաբերյալ վիճակագրություն եւ վերլուծություն չունեմ, սակայն վերջին ժամանակներս այնտեղ տեղի ունեցած որոշակի կադրային փոփոխությունները եւ մի շարք վճիռները կարծես բերում են նրան, որ սույն կառույցի հիմնական նպատակը ավելի շատ խոսում է երկրորդի մասին, քանզի առաջինի ուղղությամբ որեւէ քայլ չի երեւում: Չեմ ուզում այս ուղղությամբ գնահատականներ հնչեցնել, քանզի այդ կառույցում կադրային փոփոխություններից սկսած, վերջացրած նրանց կայացրած որոշումներով՝ կապված որոշ դատավորների գործունեության եւ որոշակի այլ հարցերի հետ, քննարկվել եւ համապատասխան գնահատականների են արժանացել տարբեր լսարաններում, մի շարք իրավապաշտպանների կողմից եւ տվյալ կառույցի կողմից համապատասխան հիմնավորումներ եւ հերքումներ չեն եղել:

Բնավ չեմ ցանկանում դատավորի դեր ստանձնել, սակայն կյանքը շարունակվում է եւ ժամանակը ցույց կտա, թե այն ինչ դերակատարում է ունենալու դատական համակարգի անկախության ու անաչառության հարցում: Եթե կառուցողական, դրական դերակատարում կունենա, ապա փառք ու պատիվ այդ կառույցին, իսկ եթե ոչ, ապա այն աստիճանաբար կաղճատի դատական համակարգի անկախությունը, որից ավելի մեծ հարված ժողովրդավարությանը, հետեւաբար նաեւ երկրին, չի կարող լինել: Դատական համակարգը ցանկացած երկրում միայն մի դեպքում կարող է լիարժեք իրականացնել իր առջեւ դրված խնդիրների ողջ կոմպլեքսը, եթե այն գործում է ազատ եւ անկախ, զերծ է լինում ցանկացած միջամտությունից ու դատավորներն առաջնորդվում են միմիայն օրենքներով ու իրենց խղճով:

Իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական, պետք է անկախ լինեն միմյանցից ու հակակշռեն, զսպեն իրար, այլապես այդ ճյուղերը կխառնվեն իրար, կստեղծվի մեծ քաոս եւ երկրի նորմալ կառավարման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Իսկ այդ ամենից առաջին հերթին տուժելու է քաղաքացին, արդյունքում նաեւ երկիրը: Ժողովրդավարություն ասվածն առաջին հերթին մարդու իրավունքների երաշխավորություն ու պաշտպանություն է, իսկ եթե որեւէ կառույց խանգարում կամ խոչընդոտում է դրան, ապա այն պետք է կամ կտրուկ վերափոխել, կամ վերացնել: Եթե պետությունը անցում է կատարում ժողովրդավարության, ապա դա չպետք է լինի լոկ որպես խոսք, այն պետք է երկրում ստեղծի այնպիսի կառույցներ, որոնք պետք է նպաստեն մարդու եւ քաղաքացու կյանքի որակի լավացմանը, այլապես նման երկիրը գնում է կամ բռնապետության, կամ փլուզման եւ երկու դեպքում էլ ժողովրդի բարօրության մասին խոսք լինել չի կարող:

Գաղտնիք չէ, որ մեր երկիրն այսօր բոլոր ուղղություններով գտնվում է չափազանց ծանր վիճակում, եւ եթե արագ չշտկենք ու չկանխարգելենք դատական համակարգի անկախությանը սպառնացող վտանգները, ապա երկիրը շատ ավելի արագ կգլորվի անդունդը……

Իշխանությանը մնում է ոչինչ չխնայել համակարգը փրկելու համար:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28