Հարցազրույց արձակագիր Նարինե Կռոյանի հետ
– Տնտեսագետ-մենեջեր, տնտեսագիտության թեկնածու Նարինե Կռոյանի անունը ավելի քան տասը տարի հոլովվում է գրականության, կոնկրետ՝ արձակի ոլորտում։ Փաստորեն ստացվեց այնպես, որ ավելի քան տասը տարի առաջ հրատարակված «Հեքիաթներ փոքր մեծերի եւ մեծ փոքրերի համար» առաջին ժողովածուին հաջորդեցին պատմվածքների, վիպակների չորս ժողովածուներ եւս, իսկ վերջին երկու վեպերի՝ «Դանիելի գիրքը» ու «Բելլա, Բելլա Դոննա»-ի մասին դեռեւս տպագրման փուլում էին խոսում։ «Դանիելի գիրքը» ստեղծագործությանը 2020 թվականին անդրադարձել է «Առավոտը»։ Հիմա էլ ընթերցողների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, թե բառացիորեն վերջերս հրատարակված «Բելլա, Բելլա Դոննա»-ն իրական պատմություն է ձեր ծննդավայր Վանաձորում ապրող միայնակ կնոջ մասին…
– Այո, վեպը պատմություն է մեր ժամանակներում, թեեւ վեպում՝ Վանաձորում ապրող, չնայած բելլաներ ամենուրեք կան, Բելլա անունով կնոջ մասին, որն արդեն երեք տարի ապրում է անկողնուն գամված մոր հետ՝ իրեն փակելով չորս պատերի մեջ, ինչը միաժամանակ եւ իր ընտրությունն է, եւ ճակատագիր… Իսկ մխիթարությունը պատուհանագոգին նրա բելլա դոննա ծաղիկներն են, որոնք չափազանց գեղեցիկ են՝ ինչպես կինը, բայց միեւնույն ժամանակ թունավոր, հալյուցինացիաներ ծնող։ Ի դեպ, այդ ծաղիկները բժշկության մեջ օգտագործվում են որպես դեղամիջոց՝ ատրոպին պատրաստելու համար, որը լայնացնում է բիբը։ Այդ ամենը եւ խորհդանշական է, եւ նատուրալիզմի աստիճանի իրական։
– Վերադառնանք Բելլային կամ բելլաներին։ Մենք ընդամենը թերթել ենք վեպը, բայց համոզված ենք, որ հերոսուհու ճակատագիրը կհետաքրքրի շատերին. որեւէ լուսավոր բան կա՞ պահված Բելլայի համար։
– Այդ դեպքում թույլ տվեք համառոտ, բայց սկզբից գամ։ Նախկին գրադարանավարուհի Բելլան գործազուրկ է եւ ապրում է ծեր մոր կենսաթոշակով ու սոցիալական նպաստով։ Աշխատանքի ապարդյուն փնտրտուքը, մոր հիվանդությունը, բնականաբար, հյուծում են Բելլային…
– Բայց մի փոքր հույս ունի, չէ՞, որ դեռ դիմակայում է։
– Դե, իհարկե։ Թթվածնի այն միակ կումը, որ իրեն թույլ էր տալիս կյանքը կամ ճակատագիրը, ասենք՝ հիվանդին լողացնելուց, կերակրելուց, մնացյալ բոլոր պարտականությունները կատարելուց հետո, Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին է եւ մշտական ու խնդրահարույց զրույցներն են երիտասարդ քահանայի հետ՝ կապված իր լինելիության իմաստի բացակայության հետ, որով էլ աբսուրդ է դառնում այս աշխարհում իր հայտնվելը։ Ուրեմն ինչո՞ւ է Աստված նրան արարել…
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ։
– Թեեւ այդպես էլ չապրած կյանքը կարծես ավարտվել է իր համար, սակայն այդ նույն կյանքը նրա համար նաեւ անակնկալ է պատրաստել, որի հետ բախվում է իրենց մուտքի աստիճանահարթակի վրա՝ 14-15-ամյա աղջնակի՝ Մաշայի տեսքով։
– Մաշան հարեւանուհի՞ն է, թե՞…
– Մաշան հայազգի հոր եւ թաթար մոր զավակ է, որը Ռուսաստանից եկել եւ ամառային արձակուրդն անցկացնում է տատիկի մոտ, որը Բելլայի հարեւանուհին է։ Եվ այդ պատահական հանդիպումից Բելլայի կյանքը սկսում է փոխվել։ Կարճ ասած՝ աղջնակի հետ անսովոր եւ հակասությունների միասնությամբ զուգորդվող մտերմությունը Բելլային սովորեցնում է ապրել, ընդդիմանալ ու երբեք չհանձնվել։
– Ստացվում է՝ հասուն կնոջն ու աղջնակին միավորող ինչ-որ բան է ստեղծվում։
– Փոքր աղջկան ու հասուն կնոջն իրականում միավորող միակ բանը միայնությունն ու անտեսված լինելն է։ Նրանք մի բան են ուզում՝ ուզում են սիրված լինել, լինել ոչ թե միանգամյա օգտագործման համար նախատեսված, սակայն բազմակի օգտագործման ներարկիչ, ինչը մի օր անպայման կյանքը դեն է նետելու։ Գուցե գամ վեպի ավարտին (ժպտում է)։ Փաստորեն Մաշայի հետ մտերմությունը զարմանալի ու հետաքրքիր ոդիսականով փոխում է Բելլային, միաժամանակ փոխելով նաեւ աղջնակին, փոխելով նրանց աշխարհընկալումը, արժեհամակարգը, որի հիմքում ազատ լինելու եւ ազատ ընտրության իրավունքն է՝ դուրս պայմանականություններից, սակայն մարդկայնության որոշակիության մեջ, ինչը Բելլայի տառապանքից խեղվող բանականության մեջ առաքելություն ունենալու դոկտրին է ծնում՝ «Ազատ պիտի լինեն բոլորը, այդ թվում՝ նաեւ… շները»։
– Քանի որ թերթել ենք վեպը, ասենք, որ իրադարձությունները դինամիկ են զարգանում, իսկապես ցնցող բացահայտումներով ու անսպասելի լուծումներով ու ստացվում է՝ անօգնական Բելլան հանկարծ շատ ավելի ուժեղ է գտնվում՝ գիտակցելով իր արարքների հետեւանքները, քան այսօր էլ մեզ շրջապատող շատ-շատերը, որոնք, ցավոք, կարող են իրենց թույլ տալ ուժեղ չլինել։
– Թույլ տվեք ես ավարտեմ զրույցը եւ նշեմ, որ այս վեպն իմ առաջին համագործակցությունն է NewMag հրատարակչության հետ, ինչը, թույլ տվեք ասել, չափազանց հաջողված եմ համարում։ Իսկ մեր համագործակցությունը սկսվեց կին գրողների «Զաբել» միջազգային ֆորումի շրջանակներում հարցազրույցով, որը վերաբերում էր իմ պատերազմական արձակին։ Հետո NewMag-ում կարդացին «Բելլա, Բելլա Դոննայի» ձեռագիրը, որի արդյունքում հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն առաջարկեց հրատարակել այն, ինչի համար ես ավելի քան երջանիկ էի։ Մի բան էլ. մարտահրավերի առաջարկ է ճակատագրին, որովհետեւ ճակատագիրը դեռ դատավճիռ չէ։ Կա նաեւ ընտրություն, որի համար, սակայն, պայքարել է պետք։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2022