Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր առաջնորդների ամբիցիաները հաղթահարվո՞ւմ են

Փետրվար 19,2022 14:30

«Կապիտուլյանտների՝ իշխանությունից անվերադարձ հեռացումը  Հայաստանում գործող բոլոր առողջ եւ ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար առաջնային գերխնդիր է»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

-Անցած տարի, հունվարի 15-ին, Թուրքիան եւ Ադրբեջանը Շուշիում ստորագրեցին «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը, որը օրեր առաջ երկու երկրների խորհրդարանները վավերացրին: Փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում», նաեւ՝ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։ Հայաստանում այս իրադարձությունն աննկատ անցավ: Համենայնդեպս, պաշտոնական Երեւանը չարձագանքեց: Սա մեզ չի՞ վերաբերվում կամ ներկայիս զարգացումների ֆոնին մեր հարեւանների հարաբերությունների նման փուլ մտնելը ինչի՞ մասին է խոսում:

-Արձագանքներ եղել են այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո եւ մենք, ծանոթանալով դրա տեքստին, մանրամասն անդրադարձել ենք բոլոր ռիսկերին ու սպառնալիքներին, որոնք ուղղված են մեր դեմ՝ Արցախը ներառյալ: Արձագանք չի եղել պաշտոնական Երեւանի կողմից: Այդ համաձայնագիրը բնականաբար կվավերացվեր եւ դա այն փաստերից մեկն է, որ տարածաշրջանում գործում են անվտանգության բոլորովին այլ բալանսները: Ակնհայտ է, որ Ադրբեջանն իրեն դրեց Թուրքիայից լրիվ կախվածության տակ: Պարզ չի, թե ինչո՞ւ են մեր կապիտուլյանտները եւս ձգտում մտնել Թուրքիայից կախվածության մեջ: Այսպես կոչված, Շուշիի՝ թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական դեկլարացիան Թուրքիային հնարավորություն է տալիս տեղավորվել Հարավային Կովկասում եւ ռազմաքաղաքական ջանքեր գործադրել դեպի արեւելք, դեպի թուրքալեզու երկրներ տարածվելու համար: Պաշտոնական Երեւանը առայժմ չի ցուցաբերում այդտեղից եկող ռիսկերը չեզոքացնելու, կամ դրանք հակակշռելու գործնական քայլեր: Որովհետեւ չունեն բավարար հեղինակություն, արտաքին աշխարհից գտնվում են բացարձակ կախյալ վիճակում եւ իրենք իրենց դրել են խաղաղություն մուրացող դերում, չհասկանալով, որ դրանով խաղաղությունը էլ ավելի են վտանգում: Կամ եթե ասեն, որ հասկանում են, ուրեմն իրականացնում են իրենց հաջորդ դավադիր անգործությունը՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգային միջավայրը եւ խնդիրների լուծումները անհնարին դարձնելու նպատակով:

– 2016-ի պատերազմից հետո իշխանությունն օրակարգ բերեց Արցախի հետ ռազմական փոխգործակցության պայմանագրի ստորագրման հարցը: Ինչո՞ւ գոնե հիմա, ՀՀ իշխանությունը չի ակտիվացնում այդ գործընթացը:

– 2016թ. այդ հարցն ուներ քաղաքական նշանակություն եւ պատերազմի շարունակման դեպքում դա անկասկած կիրականացվեր: Քանի որ պատերազմը կանգնեցվեց Ադրբեջանի խնդրանքով, հայկական կողմը՝ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը չխաթարելու նպատակով ժամանակավորապես դադարեցրեց եւ՛ այդ նախաձեռնությունը, եւ Արցախի միակողմանի ճանաչման գործընթացը: Այս «իշխանությունները» պարտավոր էին դա վերականգնել 44 օրյա պատերազմի առաջին իսկ շաբաթից հետո, եւ այսօր մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ եւ միջազգայնորեն ամրագրված իրավունքներ: Բացի այդ, դա լծակ կլիներ, որով միջազգային հանրությունը կստիպեր Ադրբեջանին՝ կանգնեցնել սանձազերծած ագրեսիան:

-Ուշագրավ է նաեւ, որ օրակարգ է վերադառնում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդության հարցը: Այս հարցը մի քանի անգամ ակտիվացավ 44-օրյա պատերազմից հետո: ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչները հարցը քննարկել են օրերս Մինսկում կայացած հանդիպմանը։ Այս հարցն այլեւս Հայաստանի համար որեւէ կերպ սպառնալի՞ք է, թե՞ խաղաղության դարաշրջանում, այլեւս անէական է դառնում:

-Ադրբեջանի հետ ծնկաչոք «բարեկամության» վազող կապիտուլյանտներն այլեւս ի զորու չեն պաշտպանել Հայաստանի շահերը՝ այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ում: Ձեր բարձրացրած հարցը դրա վառ ապացույցներից մեկն է: Դա եւս վկայում է, որ ադրբեջանական շահերը Հայաստանում ապահովագրված են:

-Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ երկրորդ եւ երրորդ նախագահները հաճախակի հանդիպումներ-քննարկումներ են ունենում: Եղե՞լ են նման հանդիպումներ, ինչի՞ շուրջ էին դրանք:

-Երեկ ՀՀ երկրորդ նախագահն իր ասուլիսում անդրադարձել է այդ հարցին: Իմ մեկնաբանությունների համար իմաստ չեմ տեսնում: Կապիտուլյանտների՝ իշխանությունից անվերադարձ հեռացումը Հայաստանում գործող բոլոր առողջ եւ ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար առաջնային գերխնդիր է: Առանց դրա, չկա ապահով եւ զարգացող Հայաստան ունենալու որեւէ հույս: Սա պետք է դառնա համազգային գիտակցության հարց:

– ՀՀԿ-ի տարբեր գործիչներ վերջին շրջանում անընդհատ խոսում են ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին: Դեռ հոկտեմբերի սկզբին էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմությունը նպատակ դնի իշխանափոխություն անելու, ոչ թե իշխանության գալու, կհաջողի: Ո՞վ եւ ի՞նչ ամբիցիաներ է խաղացնում, ինչո՞ւ անգամ հիմա, երբ նժարին դրված է պետության լինել-չլինելու հարցը, ամբիցիաները չեն մարում:

-Այդ հարցում հիմնական ընդդիմադիր ուժերը համակարծիք են: Խնդիրը հասարակության լայն շերտերի հետ բաց, ազնիվ անկեղծ քննարկումները շարունակելու եւ հանրային պահանջ ձեւավորելու մեջ է: Ինչպես տեսնում եք, իրական ընդդիմությունն այդ հարցում աշխատում է նախանձախնդիր, հիմնավորված փաստարկներով ու ապագային ուղղված հստակ ասելիքով:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28