Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն. Լիլիթ Գալստյանի և էլինար Վարդանյանի դիմումը-նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Փետրվար 18,2022 23:33

Արցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ  «ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և էլինար Վարդանյանի դիմումը-նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  (ՅՈՒՆԵՍԿՕ-ի)

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՅԻՆ

Մեծարգո Տկն․ Գլխավոր տնօրեն

44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր:  Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն,  որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ.  փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի  որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները:

Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը:

Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են  հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր : Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է  Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»:  Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից  հայկական մշակութային  ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները:

Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում :

Ընդգծում ենք նաև, որ  1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝  հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն   իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականացնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի մշտական հարցերի հանձնաժողովի անդամներ

Լիլիթ Գալստյան,

Էլինար Վարդանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28