Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում՝ Հանրապետության հրապարակում, Արցախից տեղահանվածների բողոքի ցույցի ընթացքում ցուցարարները պահանջում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը:
Տեղահանված արցախցիներին վրդովվեցրել էր այն, որ Հայկ Խանումյանը եթերում հայտարարել է՝ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ:
Ցուցարարները տեղեկացրին՝ առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու են Արցախ և այնտեղ պահանջեն Հայկ Խանումյանի հրաժարականը:
Aravot.am-ը Հայկ Խանումյանի օգնական Ալյոնա Հայրապետյանից հետաքրքրվեց՝ նախարարը չի՞ պատրաստվում լսել ցուցարարներին և ի՞նչ քայլեր է ձեռնարկում, ի պատասխան Ալյոնա Հայրապետյանն ասաց. «Նախարարն այս առիթով ասելու բան չունի։ Նա պատրաստ է սիրով ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ»:
Կարդացեք նաև
Մեր փաստմանը՝ Հայկ Խանումյանի հրաժարականը պահանջող անձինք պնդում են, որ նախարարի՝ հենց տեղափոխման հետ կապված որոշ հայտարարություններ վրդովեցրել են իրենց: Վերադարձի հետ կապված էլ ասում են հետևյալը. «Արայիկ Հարությունյանը հորդորել է մեզ ապաստանել են ՀՀ-ի տարբեր մարզերում և խնդրանքով ասել է, որ մենք այստեղ այնքան մնանք, մինչև ԱՀ-ում կլուծվի բնակարանային հարց, և մեզ կհրավիրեն Արցախ ապրելու, ինչին անհամբեր սպասում ենք»: Ու հարցրինք՝ գուցե այդ անձինք իրո՞ք սպասում են, որ Արցախից իրենց վերադարձի կոչ անեն և Հայկ Խանումյանն իր հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանի, Ալյոնա Հայրապետյանը պատասխանեց. «Այս թեմայով տեղի ունեցող իրադարձություններին նախարարը չի ցանկանում մեկնաբանություն տալ: Իր ասուլիսում նախարարը որոշ չափով անդրադարձել էր այս հարցին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ