Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք մեկը մյուսի հասցեին կարմիր գծեր են անցել՝ լեքսիկոնի առումով». Բաբկեն Թունյան

Փետրվար 18,2022 19:15

Կա ՍԴ որոշում՝ 2013-ին է եղել, որտեղ ասվում է, որ պատգամավորի պարտականությունն է մասնակցել նիստերին՝ կապ չունի՝ արտահերթ է , թե ոչ, բայց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստերին քաղաքական մեծամասնությունը չի գալիս, բոյկոտում է: Այսօր «Մեդիա կենտրոնում» ԱԺ մոնիտորինգ ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ եթե նախկին իշխանությունների օրոք էլ է եղել այս գործելաոճը, չի նշանակում, որ պետք է այդ վատ բանը շարունակվի:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ ընդդիմության իրավունքն է արտահերթ նիստ հրավիրելը, իրենց իրավունքն է այդ նիստին մասնակցելը կամ բոյկոտելը. «Բոյկոտն ինքնին քաղաքական դիրքորոշում է:

Թունյանը նշեց, որ երբ հանձնաժողովում մի լավ նախագիծ են քննարկում, բոլորը կողմ են լինում, բայց երբ այդ նախագիծը գալիս, հասնում է լիագումար նիստ, ընդդիմադիրները «դեմ» են քվեարկում. «Ասում ենք՝ ինչի՞ համար եք դեմ քվեարկում, ասում են՝ դա մեր քաղաքական դիրքորոշումն է: Նպատակը այս դեպքում ո՞րն է: Օրենսդրական գործունեությունը ինքնանպատակ չի, մարդկանց կյանքը բարելավելու համար է՝ անկախ այն բանից, թե ով է բերել այդ նախագիծը»:

Անդրադառնալով  խորհրդարանում էթիկայի խախտումներին՝ Թունյանն ասաց. «Վահագն Ալեքսանյանը կլինի կամ մեկ ուրիշը կլինի, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները լրիվ կառուցողական, ամենամեղմ բառապաշարի դաշտից եկել են ու մենք այսպես ենք մեզ պահում: Բայց պիտի հիշենք, թե ինչի հետեւանքով, ինչից հետո ձեւավորվեց այս խորհրդարանը: Այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք մեկը մյուսի հասցեին կարմիր գծեր են անցել՝ լեքսիկոնի առումով ու այդ լարված մթնոլորտը հաղթահարելու համար որոշակի ժամանակ է պետք»: Անկախ տարաձայնություններից, հնչած կարծիքներից, եթե եկել ենք ԱԺ, պետք է աշխատենք կառուցողական դաշտում: Ինչի՞ համար են մեր ընդդիմադիր գործընկերները եկել ԱԺ, եթե եկել են՝ մենակ իշխանությանը հեռացնելու, ամեն գնով ամեն նախաձեռնություն ձախողելու, դա էլ է քաղաքականություն, բայց տեղեր կան, որ  դա անհարկի ցուցադրում է, կառուցողականից մեզ տանում է լրիվ այլ դաշտ ու բուն ասելիքը թողած՝ մենք ընկնում ենք փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքների հետեւից, ինչը մեզ ոչ մի լավ տեղ չի տանում: Չգիտենք դա երբ կհարթվի, բայց եկեք հիշենք, թե մենակ ԱԺ փոխնախագահի ընտրություններն ինչքան տեւեցին»:

Ըստ Թունյանի, ընդդիմությունը հանդուրժողական չէ: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այո, մենք զրո հանդուրժողականություն ունենք այն ամենի հանդեպ, ինչն արվել է ձեր թիմի կողմից»:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատեց, որ երկրորդ նստաշրջանի ընթացքում ընդդիմությունն իր բոյկոտով կարծես «արջի ծառայություն» է մատուցել իշխանությանը, որովհետեւ ամենակարեւոր նախագծերը իշխանությունը քննարկել ու ընդունել է՝ առանց ընդդիմության. «Խոշորացման հարցը, կառավարության ծրագիրը քննարկվեց առանց ընդդիմադիրների, բյուջեն ընդունվեց՝ առանց ընդդիմադիրների: Զիջել եք դաշտը մեծամասնությանը ու դա ազդել է որակի վրա, հապճեպ ընդունվել են օրենքները»:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ իշխանությանը չեն մեղադրում՝ օրենքը խախտելու համար, իրե՞նց են մեղադրում՝ չմասնակցելու համար: Ըստ նրա, իշխանությունը Սահմանադրություն էր խախտել, որովհետեւ երբ հիմնական զեկուցողը չի գալիս, հարցը հանվում է օրակարգից, իսկ իշխանականները, «ԱԺ կանոնակարգ» օրենքը ոտնահարեցին. «Ես երբեք չեմ համաձայնում գնալ քննարկման՝ թեկուզ աշխատանքային, եթե ես օրենքով սահմանված կարգով դիմել եմ, ասում եմ եկեք քննարկենք, դուք արհամարհում եք կարգավորումը, հետո ինձ առաջարկում եք ասում եք՝ եկեք սուրճի սեղանի շուրջ, այդ դեպքում սուրճն ընդունելի չի: Եթե դու օրենքը չես հարգում, ընդունելի չեն այլ ձեւաչափերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28