Լրահոս
Օրվա լրահոսը

Անհանդուրժող ու բեւեռացված խորհրդարան, որը դակում է կառավարության նախագծերը. ԱԺ մոնիտորինգի արդյունքները

Փետրվար 18,2022 17:51

ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 8-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նստաշրջանի դիտարկման արդյունքները: Ըստ այդմ, այս խորհրդարանը հավակնում է լինել ամենաանհանդուրժողականը ու այդ մթնոլորտից տուժել է խորհրդարանի արդյունավետությունը: 2-րդ նստաշրջանում ընդունվել են ամենափոքր թվով օրենքները՝ 98, որը ամենացածրերից մեկն է տասնամյա դիտարկումների ընթացքում: 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանում 143 է եղել այդ թիվը, 4-րդ նստաշրջանում՝ 343:

Այս խորհրդարանը համադրելի չէ այն իրավիճակին, որը ստեղծվել է պատերազմից հետո: Եթե 7-րդ գումարման խորհրդարանում պատգամավորները ակտիվացել էին ու կառավարություն-պատգամավորներ նախագծերի հարաբերակցությունը հասել էր 30/70-ի, այս նստաշրջանում հակառակ պատկերն է: 98 նախագծերից միայն 6-ն են հեղինակել պատգամավորները, ընդ որում, խոսքը 2 օրենսդրական փաթեթի մասին, է բացվածքով 6 նախագիծ են համարում։

«Բեւեռացվածության, անհանդուրժողականության մթնոլորտի մասին է վկայում նաեւ այն, որ ընդդիմության որեւէ նախաձեռնություն երկրորդ նստաշրջանի ընթացքում չի ընդունվել: Միակ բացառությունը «Հայաստան» հիմնադրամի միջոցների հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումն էր, որն ընդդիմադիրների նախաձեռնությունն էր»,- ասաց Վասիլյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այս արդյունքների շուրջ պարզաբանումներ տալիս համաձայնեց, որ իսկապես, այս խորհրդարանի մթնոլորտը այլ է ու դա ստեղծված քաղաքական իրավիճակի արտացոլումն է. «Բայց ավելի լավ է լարվածությունը ԱԺ-ում լինի, թեկուզ երբեմն ոչ ընդունելի չափերով, քան՝ այլ տեղերում ու այլ ձեւաչափով»:

Թե ինչու է օրենսդիր մարմնի «արտադրողականությունը» ընկել, Թունյանը գտնում է, որ հաճախ փոփոխվող օրենքները լավ բանի մասին չեն խոսում, օրինակ, «Հարկային օրենսգիրքը» խրախուսելի չէ շատ փոխելը գործարար միջավայրի համար:

Իսկ խորհրդարանը համարել բեռեւացված եւ անհանդուրժող, ինչ է թե ընդդիմադիրների նախագծերը չեն ընդունվում, Թունյանի համար անընդունելի է: Նախկինում քննադատում էին, որ խորհրդարանը կառավարության նախագծերը դակող է, հիմա նույն պատկերն է: Բաբկեն Թունյանը հակադարձեց՝ բա եթե խորհրդարանը կառավարության նախագծերին դեմ քվեարկեր, կհարցնեին, թե՝ դուք նույն թիմն եք, նույն քաղաքական նպատակներով. «Այնպես չի, որ մենք իրարից անկախ թեւեր ենք ու պիտի տարբեր բաներ անենք»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ խորհրդարանական կառավարման երկրում ենք: Նա վստահեցրեց՝ իշխանություն-ընդդիմություն համագործակցություն չկա. «Ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստերին մեծամասնությունը պարզապես հրաժարվում է գալ: Մենք ունենք աննախադեպ իրավիճակներ, թե՛ պատգամավորին ուժի կիրառմամբ ամբիոնից հեռացնելու, թե՛ 3-4 պատգամավորներ կալանավորված լինելու հանգամանքով, թե՛ քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձախողելու ուղղությամբ: Այսօր ընդդիմությունը խոցելի է կարգավորման տեսանկյունից: Էթիկայի հանձնաժողովը, օրինակ, որ պետք է գործի երկու ամիս, իր որոշումները պետք է կայացնի մեծամասնության միջոցով: Ակնհայտ է, չէ՞, որ չեն գա ու դատապարտեն մեծամասնության պատգամավորին, որը հարվածում է բռունցքներով, հայհոյում է»:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմադիրների հեղինակած նախագծերը նույնիսկ քննարկել ԱԺ լիագումար նիստերի ընթացքում: Իսկ Թունյանի բացատրությանը, որ կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը մի թիմ են ու բնական է, որ պետք է կառավարության նախագծերին հավանություն տան՝ Մամիջանյանը հակադարձեց. «Այստեղ մի թիմի խնդիր չկա, մի անձի իշխանություն է: Մենք բոլորս գերի ենք մեկ անձի քմահաճույքների ու քաղաքական եւ ոչ այդքան քաղաքական՝ հաճախ մանկությունից եկող ամբիցիաների իրականացմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28