Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը կարելի է լուծել առանց ազատությունից զրկելու. ի վերջո խոսում ենք դատավորի հեղինակավոր պաշտոնի մասին». Արա Զոհրաբյան

Փետրվար 18,2022 17:42

«Արդարադատության նախարարը մասնագիտությամբ փաստաբան է, գոնե փաստաբանության ապագայի հետ կապված իր պատկերացումները պիտի ունենա»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպեց աշխատանքային քննարկում՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներով վերհանված առանձին հարցադրումները քննարկելու նպատակով:

Արա Զոհրաբյանն ասաց՝ այս թեմայով քննարկումներ էլի են եղել և հավաստիացրեց՝ դրանք անցնում են աշխատանքային մթնոլորտում:

Խոսելով «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին՝ նա նշեց. «Սկզբնական նախագծում կան մեզ համար անընդունելի ձևակերպումներ, որոնք ինստիտուտի համար լուրջ խնդիրներ կառաջացնեն, բայց կառուցողական քննարկումների արդյունքում որոշեցինք դրանք հանել: Մասնավորապես, Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների հետ կապված, որ նախագահի ինստիտուտը կարծես վերացվում էր, որը լուրջ խնդիր կառաջացնի: Առաջարկվում էր ստեղծել նոր մարմին, որտեղ ներգրավված կլինեին պետական համակարգի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, կարգապահական հանձնաժողովում ներառվեին դրսից ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչը վտանգավոր է: Դա նախադեպ կդառնար, քանի որ կարգապահական գործերի քննության ժամանակ քննարկվում են փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններ, իսկ ոչ փաստաբանների ներկայությունը խնդիր կառաջացներ»:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ այս պահին դաշտում նման փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Այս առիթով նա ասաց. «Եթե նպատակ կա ինստիտուտը թուլացնելու, կունենանք այն, ինչ կունենանք»:

Լրագրողների փաստմանը՝ դատավոր Բորիս Բախշիյանը դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, ուստի չի՞ խախտվում նաև նրա՝ կրթություն ստանալու իրավունքը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Որպես փաստաբան կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, ինչի մեջ մեղադրում են դատավորին, բոլոր դեպքերում ազատությունից զրկելու հարցը հաստատ որևէ կերպ չէր համապատասխանում այդ մեղադրանքին: Նույն դատավորի նկատմամբ զանցանք կամ իրավական հարց եթե կա, կարելի է լուծել առանց ազատությունից զրկելու: Ի վերջո, խոսում ենք դատավորի պաշտոնի մասին, որը հեղինակավոր պաշտոն է: Դրանով այդ պաշտոնի հեղինակությունն ուղղակի հավասարեցվեց զրոյի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28