«Փորձում ենք այսօրվա մեր իշխանություններին հասցնել այն տեղեկատվությունը, որ Հայկ Խանումյանի նման ղեկավարն իրավունք չունի ղեկավարելու, պաշտոն զբաղեցնելու, քանի որ նա մի շարք հայտարարություններ է արել, որը դեմ է մեր ժողովրդին և տեռոր է մեր ժողովրդի նկատմամբ»,- Երևանում՝ Հանրապետության հրապարակում Արցախից տեղահանվածների բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց Շուշիից տեղահանված ցուցարարներից մեկը:
Արցախից տեղահանվածները մի քանի պահանջներ ունեն՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարական, իրենց կարգավիճակի հստակեցում՝ փախստականի կարգավիճակի տրամադրում, Շուշիից Ստեփանակերտ ճանապարհին անվտանգության ուժեղացում:
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ցույց էին անում՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով Հայկ Խանումյանի հրաժարականը: Տեղահանված արցախցիներին վրդովվեցրել էր այն, որ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը եթերում հայտարարել է՝ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ: Ըստ ցուցարարների՝ կարծես Հայկ Խանումյանի հրաժարականի պահանջի հարցը չի հասել ԱՀ իշխանություններին, ուստի շարունակում են իրենց ցույցերը:
Ցուցարարները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին. «Մեկ տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է մեր ժողովրդին, այն մարդկանց, որոնք ապաստանել են ՀՀ-ի տարբեր մարզերում և խնդրանքով ասել է, որ մենք այստեղ այնքան մնանք, մինչև ԱՀ-ում կլուծվի բնակարանային հարց, և մեզ կհրավիրեն Արցախ ապրելու, ինչին անհամբեր սպասում ենք: Տեղյակ ենք, որ մեր պահանջին ԱՀ նախագահը իրազեկ է, քանի որ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունից նրան տեղեկացրել են, բայց չենք հասկանում՝ ինչու չեն արձագանքում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք գտնվում եք ՀՀ-ում և պահանջում ԱՀ նախարարի հրաժարական, ո՞րն է դրա արդյունավետությունը, ցուցարարները ի պատասխան ասացին, որ մյուս շաբաթ պատրաստվում են գնալ Արցախ:
Արցախից տեղահանվածների մյուս պահանջը իրենց՝ փախստականի կարգավիճակ տրամադրելն ու բնակարանով ապահովելն է: Խոսելով Ադրբեջանից հնչող սպառնալիքների մասին՝ ցուցարարները պահանջեցին ձեռքերը հեռու պահել Արցախից ու հայտարարեցին. «Արցախի կառավարությանը, նախագահին կոչ ենք անում, որ արտակարգ քայլերի դիմեն, Շուշիում ադրբեջանցիների ելումուտը հսկողության տակ դնեն: Պահանջում ենք, որ Քարինտակ գյուղից Շուշի ճանապարհին դրվի ռուսական հենակետ, վերահսկվի դեպի Շուշի զենքի տեղափոխումը»: Ըստ նրանց՝ այսօր Շուշիում կա 300-ի չափ թուրքական հատուկ նշանակության զորամաս:
Շուշիից փախստական Աիդա Ավանեսյանն ասաց՝ արդեն երկրորդ անգամ է փախստական դարձել՝ երկրորդը Շուշիից. «Մեր հարևան թշնամին արդեն կպչում է մեզնից: Հիմա էլ Արցախի նախագահին գողանալու մասին են մտածում: Նախագահը մենք ենք, ի՞նչ են մտածում միջազգային կազմակերպությունները»:
Հանրապետության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ՝ պահանջով, որ իրենց տան փախստականի կարգավիճակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ