2021թ սեպտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման ստորագրեց Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Հրամանի համար հիմք էր հանդիսացել համացանցում տեղադրված մի ձայնագրություն եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը: Իսկ ըստ քննչական կոմիտեի, այս դպրոցի արդեն նախկին տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու համար 1500 դոլար կաշառք էր պահանջել։
122 դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել, եւ ըստ մեր տեղեկությունների, դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկը, որը 3 անգամ չի ընտրվել դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից։
Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին դպրոցից, մրցույթին մասնակցել են այլ թեկնածուներ եւս, բայց հիմնականում` 2 թեկնածու են միշտ մասնակցել: Նրանցից մեկն Անգելինա Խաչատրյանն է, մյուսը` Կարինե Մխիթարյանը: Մանկավարժական եւ ծնողական խորհուրդը 3 անգամ էլ ընտրել է Անգելինա Խաչատրյանին, նա է առավելագույն ձայներ ստացել, բայց լիազոր մարմինը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարինե Մխիթարյանին:
Կարդացեք նաև
Մեզ նաեւ փոխանցեցին, որ առանց հիմքի փոխել են նախկին ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Յարալովային, որը դպրոցի փոխտնօրենն էր: «Առանց ծանուցման, բանավոր կերպով զանգել եւ փետրվարի 1-ին ասել են, որ դուք այլեւս ժամանակավոր պաշտոնակատար չեք»,- տեղեկացրին Aravot.am-ին, սակայն մարդկանց անունները չենք նշում՝ նրանց խնդրանքով:
Դպրոցից դիմել են արհկոմին, ԿԳՄՍ նախարարությանը, վարչապետին, քաղաքապետին եւ խնդրի արդարացի լուծում են ակնկալում, քանի որ կարծում են, որ հավակնորդներից որեւէ մեկի` ժամանակավոր պաշտոնակատար դառնալու դեպքում խախտվում է մրցույթին մասնակցող այլ թեկնածուների` հավասար պայմաններ ունենալու իրավունքը: Ի դեպ, դպրոցում ի սկզբանե տեղյակ են եղել, որ հենց Կարինե Մխիթարյանին են նշանակելու, քանի որ նա «վերեւների» թեկնածուն է:
Aravot.am-ը փորձեց զրուցել Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մխիթարյանի հետ: Նա ձեռնպահ մնաց որեւէ հարցի պատասխանելուց, ասաց, որ իրեն նշանակել է լիազոր մարմինը եւ բոլոր հարցերով կապվենք Երեւանի քաղաքապետարանի հետ: «Ինձ օրենքին համապատասխան նշանակել են, եկել եմ, այնպես չի, որ արթնացել եմ ու տանից ինքնագլուխ եկել եմ: Ինձ նշանակել է լիազոր մարմինը օրենքի սահմաններում»,-ասաց Կարինե Մխիթարյանը եւ պատճառ բռնելով զբաղվածությունը` անջատեց հեռախոսը:
Aravot.am-ը այս եւ այլ դպրոցների նմանօրինակ խնդիրների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարան գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:
Հիշեցնենք, որ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան 59 դպրոցում եւս զրո ձայն ստացած հավակնորդի` Թերմինե Մելքոնյանին էին նշանակել տնօրենի պաշտոնակատար: Նա էլ Aravot.am-ին ասել էր, որ ինքն է այդպես խնդրել քաղաքապետարանին, դիմում է գրել, իր դիմումը բավարարել են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ