Հունվարի 31-ին բանակ զորակոչված ու մեկ օր անց զորամասից փախուստի դիմած ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանին Ռազմական ոստիկանությունն այլեւս նույն զորամաս չի ուղարկել:
Հիշեցնենք, որ նորակոչիկի տատիկն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր թոռանը Կապանի զորամասում ճնշումների են ենթարկել, մասնավորապես՝ հրամանատարը, բռնություն գործադրելով, ստիպել է թոռանը մաքրության գործ անել:
Ռոզա Ֆերոյանը նաեւ ասել էր, որ թոռանը ոստիկանություն կհանձնի մի պայմանով, որ այնտեղ խոստանան, որ իր թոռանը նույն զորամաս այլեւս չեն ուղարկի:
Aravot.am-ը Վլե Ֆերոյանի տատիկից՝ Ռոզա Ֆերոյանից, տեղեկացավ, որ թոռանը մի քանի օր Ռազմական ոստիկանությունում պահելուց հետո նախօրեին ուղարկել են Մեղրիի զորամասերից մեկում ծառայությունը շարունակելու:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ իրենք չեն պնդում իրենց բողոքը՝ միայն թե թոռնիկը ապահով ծառայություն ունենա ու բարեհաջող ավարտելով ծառայությունը՝ տուն գա:
Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Վլե Ֆերոյանի ահազանգով դեպքի առթիվ փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվել , կազմվել է քննչական խումբ: Զինծառայողի նախկին հրամանատարին միանգամից մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել. Հոդված 309.1. (խոշտանգում), 358.1 հոդվածով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360 հոդվածի 3 մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), իրականացվում են քննչական գործողություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ